Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը Մոսկվայում այս անգամ բացի տնտեսական բաղադրիչից ունի նաև քաղաքական բովանդակություն։ Ընդ որում՝ առաջին անգամ կառույցի աշխատանքներին հրավիրվել է նաև Ադրբեջանը։ Այս նիստի շրջանակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնել հերթական եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Այն նախատեսված է օրվա ավարտին, իսկ օրվա ընթացքում նախ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն էր նեղ կազմով, որին մասնակցում էին երկրների ղեկավարները, ապա` պատվիրակությունների ընդլայնված կազմերի հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։

Աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետը քիչ հավանական էր համարել, որ մոսկովյան եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Մինչդեռ ռուսական կողմն այլ  կանխատեսումներ ունի։ Դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով՝ «Կոմերսանտ» պարբերականը գրել է․ «Մոսկվայում ակնկալում են, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրվի»։ Թերթի տեղեկություններով՝ դրանցից մեկը Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր թվով հինգերորդ եռակողմ հայտարարությունն է լինելու, երկրորդ փաստաթուղթն էլ վերաբերելու է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

Ենթադրությունների պատճառը թերևս այն է, որ մայիսի 23-ից Մոսկվայում աշխատում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով է զբաղվում։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոսկովյան հանդիպումներից մի քանի ժամ առաջ Հայաստանի ԱԺ–ում հայտարարել էր, որ բանակցությունների վերջին երեք փուլերը զգուշավոր լավատեսության հիմք են տալիս։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կամ հարաբերությունների հաստատման պայմանագրի կետերը պայմանականորեն բաժանել էր 3 խմբի։

«Մի մասը կենսական անհրաժեշտության կամ կենսական հարցերին է վերաբերվում, մի մասը ավելի լրացնող, գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են։ Եվ ահա այս երկրորդ խմբի մասով ավելի հեշտ է փոխըմբռնման գալ և փոխհամաձայնության։ Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ արդեն իսկ հնարավոր եղել էր մինչ վաշինգտոնյան բանակցությունների փուլը համաձայնության գալ։ Վաշինգտոնյան բանակցություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին։ Կա հոդվածների մի խումբ էլ, որտեղ մեծ հաշվով տեսանելի է այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը։ Եվ կա երրորդ խումբը, որը ամենակենսական, ամենահիմնական խնդիրներին է վերաբերում։ Այստեղ, ցավոք, կողմերը դեռ բավական հեռու են համաձայնության գալուց»։

Ինչի հնարավոր կլինի հասնել Մոսկվայում, պարզ կդառնա ավելի ուշ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը զերծ է մնում մեկնաբանություններից՝ վկայակոչելով քննարկվող հարցերի զգայունությունը։  ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն ու հուսալի խաղաղություն։ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան օգնում է կողմերին ընդհանուր լեզու գտնել, համաձայնության գալ և իրենց հարմար փոխզիջումների գնալ։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նույնպես անդրադարձել է մոսկովյան հանդիպումներին։ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը նշել է, որ աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցություններին՝ անկախ նրանից, թե որ երկրում են այդ շփումները։ Ամերիկացի դիվանագետը կարևոր է համարել, որ կողմերն էլ շարունակեն խոսել միմյանց հետ։

Այս անգամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ձևաչափը փոքր–ինչ այլ է։ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից բացի՝ կան նաև հրավիրյալներ՝ Ադրբեջանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։ Այս որոշման մասին նեղ կազմով հանդիպման սկզբում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Եթե Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահները նիստին մասնակցեցին տեսակապի միջոցով, ապա Ադրբեջանի նախագահը առավոտյան էր մեկնել Մոսկվա։ Ձևաչափի ընդլայնումը, թեկուզ և հրավիրյալ պետությունների միջոցով, Ռուսաստանի նախագահն այսպես բացատրեց։

«Պատվիրակությունների մասնակցությամբ համակարգային կքննարկենք ինտեգրացիոն փոխազդեցության հստակ հարցերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ և պարենի անվտանգության ապահովումը, տեխնոլոգիական և ֆինանսական անկախությունը, կարգավորող և առևտրային արգելքների հաղթահարումը և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը»։ 

Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը բավական հաջող է ընթանում՝ շեշտելով դրանում Հայաստանի դերը։ Ըստ ՌԴ նախագահի՝ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է։ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը մեջբերել է տվյալներ Հայաստանի վերաբերյալ․

Պուտինին զարմացրել է Հայաստանի Համախառն ներքին արդյունքի 12․1 տոկոսանոց աճը։ Նա այդ ցուցանիշը «շատ լուրջ» թիվ  է համարել։

Հայաստանի վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ կազմի հնարավոր ընդլայնմանը։ Իր խոսքում նա հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը հետևողականորեն իրականացնելու համատեղ ծրագրերը՝ ընդգծելով, սակայն, կարևոր հարցերում փոխընդունելի որոշումների կայացումը կառույցի հետագա աշխատանքի համար։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է լուծել դեռևս չճշտված հարցերը։   

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման մակարդակը տարբերվում է այն մակարդակից, որը ներկայումս առկա է ԵԱՏՄ մյուս երկրների մոտ: «Կա նաև ինտեգրման այլ մակարդակ, որը ներկայացված է Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի կողմից, և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահը սկզբունքորեն կարևոր է համարում տարածաշրջանում նոր ուղիների ստեղծումը՝ հաշվի առնելով գլոբալ առևտրաշրջանառության փոփոխվող հոսքը։

ԵԱՏՄ շրջանակներում հատկապես Ռուսաստանի հետ համագործակցությանն անդրադառնալիս Հայաստանը մշտապես ընդգծել է միջազգային պատժամիջոցների կարևորությունը, որը Հայաստանի համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, «կարմիր գիծ» է, քանի որ Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն  թույլ տա հայտնվել պատժամիջոցների տակ։ Իր հարցազրույցներից մեկում Փաշինյանն ընդգծել է, որ այդ թեմայով բաց զրույց  է ունեցել  ՌԴ նախագահի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն