Access Now-ի, CyberHUB-AM-ի, Citizen Lab-ի, Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի համատեղ հետաքննությունը բացահայտել է, որ Հայաստանում 12 անձ NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրի զոհ է դարձել։

2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր Pegasus–ի թիրախ դարձած անձանց թվում են Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երկու լրագրող, ՄԱԿ-ի պաշտոնյա, Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ և Հայաստանի քաղաքացիական հասարակության յոթ այլ ներկայացուցիչներ:

Անմիջական ապացույցները վկայում են, որ թիրախավորումը կապված է 44-օրյա պատերազմի հետ։ Սա Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման առաջին փաստագրված դեպքն է հակամարտության համատեքստում:

Հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ Apple-ը 2021 թվականի նոյեմբերին օգտատերերին ծանուցումներ ուղարկեց՝ նախազգուշացնելով, որ նրանք կարող են պետության կողմից հովանավորվող լրտեսող ծրագրերի թիրախ լինել:

NSO Group-ը պնդում է, որ իրենց տեխնոլոգիաները բացառապես վաճառվում են կառավարություններին, ինչը հիմնականում համընկնում է հետազոտական խմբերի և հետաքննող լրագրողների նախկին բացահայտումների հետ:

Հետազոտողները ևս կարծում են, որ այս գործողության հետևում կառավարություն է, բայց կոնկրետ պետություն չեն նշում։

Թիրախավորումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ, և ժամկետները հուշում են, որ հենց պատերազմն է եղել թիրախավորման պատճառը։

Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, կան էական ապացույցներ, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն օգտվում է Pegasus-ից, և թիրախները կարող էին հետաքրքրել Ադրբեջանին։

Pegasus-ը լայնորեն օգտագործվել է Ադրբեջանում՝ թիրախավորելու լրագրողների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմադիր գործիչների լայն շրջանակի:  Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ թիրախավորման համար ընտրվել է ավելի քան 1000 ադրբեջանական հեռախոսահամար և առնվազն 5–ը դարձել է  ծրագրի թիրախ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն