Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտավորապես 230 հազար դրամ. Արթուր Ումրշատյան
Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտավորապես 230 հազար դրամ եւ արդեն ըստ զբաղեցրած պաշտոնի՝ կրտսեր պարեկներ, պարեկներ եւ ավագ պարեկներ, աշխատավարձի հավելյալ մասը կստանան պարեկներն ու ավագ պարեկները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
«Ոստիկանությունում ծառայությունը փորձառության ընթացքում հմտություններ ձեռք բերելու լուրջ խնդիր ունի: Մեր հասարակության պահանջն ավելի շատ է, ինչը բնական է, հասարակությունն ավելին է սպասում, մենք էլ ամեն ինչ անելու ենք այդ բարձր մակարդակի ծառայությունն ապահովելու համար»,-ասաց նա:
Իր հերթին Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության համակարգող, խորհրդական Ամալյա Հովսեփյանն ասաց. «Երբ քննադատություններ ենք լսում խաչմերուկներում երթեւեկության կազմակերպման հետ կապված, մեր հասարակությունը մտածում է, որ պարեկային ծառայությունը նույն ճանապարհային ոստիկանությունն է, մինչդեռ երթեւեկության հետ կապված գործառույթները պարեկային ծառայության գործառույթների ընդամենը 25-30 տոկոսն են կազմում»: