Մայիսի 27-ի ողբերգական ավտովթարից տուժած չորս երեխաներից մեկը գիտակցության չգալով մահացել է
Մայիսի 27-ի ողբերգական ավտովթարից տուժած չորս երեխաներից մեկը գիտակցության չգալով մահացել է, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Խորը ցավով եմ տեղեկացնում, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է: Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր»:
Ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։
Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ միայն փորձաքննություններից հետո պարզ կլինի, թե ինչն էր վթարի պատճառը, ով կամ ովքեր էին մեղավորները։