ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստի ընթացքում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց․
«Դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության, ԲԴԽ-ի դիմելու մասին 2021-ի մայիս 12-ի որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
ղեկավարվելով Սահմանադրության 175 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ ԲԴԽ-ն որոշեց.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել»։
Նա նաև նշեց՝ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի անդամների և նախագահի կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ, ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է խորհուրդը։
«Սակայն, օրենքում նախատեսված համապատասախան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,-հայտարարեց Ջհանգիրյանը։
Հիշեցնենք՝ Վարդազարյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում Կոռուպցիայի հանձնաժողովն անհամաձայնություն էր նկատել:
Նշենք նաեւ, որ բաից այդ, Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։