ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը CNN-ի եթերում ասել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն չէ։ Նա կարծում է, որ ամերիկացիներն ավելի լավ տարբերակներ կունենան, քան Թրամփը, և չի բացառել, որ հենց ինքը կլինի դրանցից մեկը։ «Ես ձեզ տեղյակ կպահեմ»,- խոստացել է նախկին փոխնախագահը։

Փենսը պատրաստվում է իր ծննդյան օրը՝ հունիսի 7-ին, հայտարարել Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Այդ օրը Փենսը դառնում է 64 տարեկան։

ԱՄՆ նախկին փոխնախագահն այդ պաշտոնը զբաղեցրել է Թրամփի նախագահության ժամանակ՝ 2017-2021 թվականներին։

Հանրապետական կուսակցությունից արդեն մի քանի թեկնածու ցանկություն է հայտնել պայքարել նախագահի պաշտոնի համար: Նրանց թվում  են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, Հարավային Կարոլինայի հանրապետական ​​սենատոր Թիմ Սքոթը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին: Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին հաջորդ շաբաթ կմիանա նախագահական մրցապայքարին։

Դեմոկրատական ​​կուսակցությունից առայժմ նախագահի թեկնածուների նախնական ընտրությանը՝ փրայմերիզներին, մասնակցելու իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ գործող նախագահ, 80-ամյա Ջո Բայդենը, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը և գրող Մարիաննա Ուիլյամսոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն