Այսօր լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Այդ հոբելյանը կնշանավորվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում կայանալիք մի շարք իրադարձություններով։ Դրանք նախաձեռնել կառավարության ձևավորած հոբելյանական հանձնաժողովը։

Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Մեծանուն կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանի առթիվ վաղ առավոտից պատվո պահակախումբն էր հերթապահում Խաչատրյանի արձանի մոտ, հետո՝ հարգանքի տուրք Կոմիտասի անվան Հայոց մեծերի պանթեոնում։

 «Արամ Խաչատրյանի երաժշտությունը կյանքի բոլոր փուլերի համար է և տալիս է մտորելու ու հասկանալու հնարավորություն»,-հիշատակի արարողության ժամանակ ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսասյանը։ Նախարարն ընդգծում է, որ երեխաները ևս պետք է ներգրավվեն հոբելյանական ծրագրերում՝ նորովի ճանաչելու և բացահայտելու համար Խաչատրյանին։ Իսկ դրա լավագույն ձևերից մեկը նրա անունը կրող մրցույթն է։ Արդեն 19 տարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ է անցկացնում։ Այս տարվանը դաշնամուր մասնագիտությամբ է։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան․ «Արամ Խաչատրյանի  երաժշտության հանրահռչակումը եղել է պետական սիմֆոնիկ նվագախմբի ամենամյա նպատակադրումը»։



Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի և Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ասում է, որ նվագախումբը հոբելյանական համերգաշարը սկսել է դեռ այս տարեսկզբից՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում։ Հոբելյանական միջոցառումների շարունակությունն արդեն միջազգային մրցույթն է լինելու․

«Մրցույթի հաջողությունը ոչ միայն19 տարիների հաջողության պատմություն է, այլ այն, որ այսօր աշխարհում տաղանդները, որ ելույթ են ունենում լավագույն նվագախմբերի ու դիրժորների հետ, հաղթել են մեր մրցույթում։

Մենք ունենք փայլուն երաժիշտներ, որոնք այսօր փայլում են աշխարհի տարբեր բեմերում, և դա խոսում է մեր մրցույթի՝ լիրավ միջազգային ստանդարտներին համպատասխանելու մասին»։



Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակավոր ստուգատես է, որն իր կարևոր տեղն ունի աշխարհում անցկացվող նմանատիպ մրցույթների շարքում, ասում է ժյուրի նախագահ Սերգեյ Սարաջյանը․

«Ես կանգնած եմ այս մրցույթի ստեղծման ակունքներում, և տարեց տարի միջազգային մրցույթը թափ է հավաքում։ Բոլոր մրցույթների ժամանակ շատ կարևոր է, որ կա առաջատար։ Նման դեպքում ավելի հեշտ է, իսկ երբ բոլորը  հավասար են, դժվար է ընտրություն կատարել։ Ես լսել եմ բոլոր մասնակիցներին, ու ասեմ, որ մրցակցությունը մեծ է լինելու»։

Նշենք, որ մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար՝ 7 երկրից:Մրցանակակիրնեը հայտնի կդառնան հունիս 13-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն