Փարիզը դեմ է Տոկիոյում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացմանը․ Ճապոնիայում Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիան դեմ է Տոկիոյում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացմանը՝ Չինաստանի հետ առճակատումը խորացնելու մտավախությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Սետոնը։
«Մենք չենք կարող համաձայնել Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը։ Մենք չպետք է սխալ ուղերձ հղենք Չինաստանին և Ասիայի մեր գործընկերներին»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշել էր, որ Փարիզի դիրքորոշումը բարդացնում է Ասիայում ՆԱՏՕ-ի առաջին ներկայացուցչության բացման հարցով բանակցությունները: Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ դաշինքի ուշադրությունը պետք է կենտրոնանա Հյուսիսատլանտյան տարածաշրջանի վրա: