ԲՏԱ նախարարության թիմը պատրաստ է աջակցելու ՄԱԿ-ի հանձնաժողովին ոլորտին առնչվող նախաձեռնություններում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստած «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է զեկույցի կարևորությունը և նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի հանձնաժողովին բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող նախաձեռնություններում:
ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան իր հերթին պատմել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման գործում նորարարության դերակատարման մասին: Նա շեշտել է, որ ներկայացված զեկույցը հայ փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունք է:
Օլգա Ալգայերովան նշել է, որ բարձր են գնահատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործընկերությունը, քանի որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Անդրադարձել է եղել նորարարության վիճակագրության մեթոդաբանության բարելավմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հայկական սփյուռքի հնարավոր ներգրավմանը՝ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նորարարությունը խթանելու նպատակով:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը քննարկված հարցերի առաջմղման ուղղությամբ: