Ճարտարում ռազմահայրենասիրական ճամբար է կազմակերպվել
Դպրոցականների ամառային հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար «Մոնթե-Ավո» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Ճարտարում օրերս կազմակերպվել է եռօրյա ռազմահայրենասիրական ճամբար:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Ճարտարի Ազատամարտիկների անվան համար 1 միջնակարգ հոսքային դպրոցի տնօրեն, ճամբարի պատասխանատու-կազմակերպիչ Ջավադ Հակոբյանը կարևորել է շրջափակման պայմաններում դպրոցականների ժամանցն ու առօրյան հնարավորին հետաքրքիր և արդյունավետ դարձնելը:
Նրա խոսքով՝ վրանային ճամբարին, որը կազմակերպվել է Ճարտարի գեղատեսիլ վայրերից մեկում, մասնակցել են աշակերտներ Ճարտարի և Քերթ համայնքի դպրոցներից։
«Նմանօրինակ ճամբար համայնքում առաջին անգամ էր կազմակերպվել: Առօրյան սկսվում էր տողանով, մարմնամարզությամբ, ապա երեխաները մասնակցում էին տարաբնույթ խմբակների, կազմակերպվում էին խաղեր, զրույցներ, սպորտալանդիաներ, ռազմահայրենասիրական դասեր, մշակութային ծրագրեր: Օրվա ընթացքում ճամբարականներն ապահովվել են երեքանգամյա սննդով»,-ասել է նա՝ հավելելով, որ ռազմահայրենասիրական ճամբարը շարունակական բնույթ է կրելու: