ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզում անցկացվել է «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր մարզպետ Ա․ Գրիգորյանը, իսկ շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանը։



Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև Վայոց ձորի մարզպետարանի ԱԻ հանձնաժողովը, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղը, Հայկական Կարմիր Խաչ ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղը, Վայք համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի վարչական ղեկավարները:



Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ, բարելավել արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում, կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ստուգել բնակչության պաշտպանության պլանի և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհներին արձագանքման պլանների իրատեսությունը՝ թերությունները հայտնաբերելու և դրանք հետագայում շտկելու նպատակով։

Վայոց ձորի մարզպետարանում մասնակիցները ըստ ուղղությունների ներկայացրել են ստեղծված իրավիճակը, հանդես եկել առաջարկություններով և զեկույցներով:

Ուսումնավարժության գործնական մասն անցկացվել է Արտավան բնակավայրի անտառամերձ հատվածում, որի ավարտից հետո ամփոփվել են կատարված աշխատանքները, նշվել բացթողումներն ու թերությունները, տրվել համապատասխան ցուցումներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն