Արցախում ոչ միայն օր օրի, այլև րոպե առ րոպե սրվում է հումանիտար ճգնաժամը։ Դիզվառելիքի սղությամբ պայմանավորված Ստեփանակերտում չեն կարողանում հավուր պատշաճի ֆիլտրել խմելու ջուրը։ Դա նշանակում է, որ առաջիկայում Արցախում կարող է ոչ միայն խմելու ջրի քանակի, այլև որակի խնդիր առաջանալ։

Նախօրեին արցախյան ճգնաժամի մասին խոսել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործ նախարար Արարատ Միրզոյանը։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահը օկուպացված Շուշիում մեդիաֆորում է կազմակերպել ու աշխարհի ավելի քան 50 երկրների ներկայացուցիչների պատմել պատերազմից հետո իր այսպես կոչված «ձեռքբերումների» մասին։

Արցախում շրջափակման պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում։ Արցախի «Ջրմուղ- կոյուղի» ընկերությունը ահազանգում է՝ էլեկտրաէներգիայի անջատումների ու վառելիքի բացակայության պայմաններում չեն կարողանում անհրաժեշտ չափով աշխատացնել մաքրման կայանները։ Եթե իրավիճակն այսպես շարունակվի, Արցախում ոչ միայն խմելու ջրի քանակի այլ նաև որակի խնդիր կարող է առաջանալ՝ ահազանգում է «Ջրմուղ– կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը։

«Օդի ջերմաստիճանը անընդհատ բարձրանաում է, դրան զուգահեռ բարձրանում է նաև մեր ընդունվող ջրի ջերմաստիճանը, այս պահի դրությամբ ընդունվող ջրի ջերմաստիճանը 17-18 աստիճան է, իսկ որքան ջրի ջերմաստիճանը բարձրանում է, այնքան ավելի մեծ է վտանգը, որ հնարավոր է ջրի մեջ առաջանան ինչ որ մանրէներ»։

Խմելու ջրի զտիչները գործարկելու համար շուրջօրյա էլեկտրամատակարարում է պետք, ինչից այսօր Ստեփանակերտը զրկված է։ Շրջափակման պայմաններում արցախի բնակիչները ավելի շատ են ջուր օգտագործում, առայժմ քաղաքում աշխատում են շուրջ 100-120 ցայտաղբյուրներ․ ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը շեշտում է՝ բնակիչները հիմնականում ոտքով են տեղաշարժվում, եղանակը տաք է, փորձելու են ինչքան հնարավոր է երկար աշխատացնել ցայտաղբյուրները։

«Եթե չենք անջատում այդ ցայտաղբյուրները, չենք կարողանում նաև 24 ժամվա կտրվածքով տնտեսել 1000-1100 մետր խորանարդ ջուր»,– ասում է Պողոսյանը։



Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Agence France Presse-ին տված հարցազրույցում։ Նա շեշտել է, որ Արցախում բացակայում են առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդի մի քանի տեսակներ, իսկ հումանիտար աղետը էլ ավելի է սրվում վառելիքի բացակայության պայմաններում, քանի որ անհնար է դառնում եղած պարենը հասցնել սպառողներին։ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունը Երևանի համար «կարմիր գծեր» են Բաքվի հետ բանակցություններում։

«Ամենակարևոր բանը, որ, իմ կարծիքով, խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը, հայերի և ամեն հայկականի նկատմամբ ատելության գործողությունները, և, իհարկե, վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության, ժողովրդի նկատմամբ և ակնհայտորեն էթնիկ զտումների քաղաքականությունը»,– շեշտել է վարչապետը:



Արցախում անհապաղ մարդասիրական միջամտության մասին է խոսել նաև Արարատ Միրզոյանը ավստրիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում, շեշտելով, որ Արցախում ստեղծված իրավիճակը մոտ է հումանիտար աղետի և միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է 120 հազար մարդու սովից փրկելու համար։



Արցախի կյանքի ճանապարհով անցնելը անհնար է, չնայած պաշտոնական Բաքվի շարունակական պնդումներին, որ հայերն ազատ անցնում են Հակարիի կամրջի  անցակետով։ Նախօրեին Հայաստանում մնացած, իրենց  ընտանիքներից բաժանված արցախցիները տեղացի ու արտասահմանցի լրագրողների ուղեկցությամբ գնացել էին Կոռնիձոր՝ ադրբեջանական անցակետով Արցախ գնալու համար։ Արցախցիները մի քանի ժամ տեղում սպասել են մինչև ռուս խաղաղապահները արձագանքնեն ու համաձայնեն ուղեկցել իրենց  հայկական անցակետից մինչև Հակարիի կամուրջ։ Նախաձեռնության անդամ, հադրութեցի Մարգարիտա Քարամյանն ասում է՝ ակնհայտ է, որ այս ճանապարհով անհնար է թե մարդկանց, թե հումանիտար բեռների փոխադրումը։

«Չորս ժամվա ընթացքում մեզ ուղեկցող բոլոր լրագրողները տեսան, որ անցակետով ոչ մի տեսակի շարժ չկա, ոչ Երևանից Արցախ, ոչ էլ Արցախից Երևան և փաստորեն ճանապարհը չի գործում։ Հենց դա էլ մենք ցանկանում էինք ցույց տալ արտաքին աշխարհին, Հայաստանի և մյուս երկրների բնակիչներին, որ Ադրբեջանի այն «բլեֆը» որ հայերը կարող են հանգիստ գալ ու անցնել անցակետով հերթական սուտն է, ճանապարհը չի գործում»,– ասում է արցախցի կինը։

Ի վերջո, արցախցիները ստիպված են եղել վերադառնալ Երևան, քանի որ ռուս խաղաղապահները հայտնել են, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։



 Մինչ հայկական կողմը ահազանգում է հումանիտար աղետի մասին, պաշտոնական Բաքուն օկուպացված Շուշիում հյուրընկալել է 5 տասնյակ երկրների ներկայացուցիչների ու լրագրողների։ Ադրբեջանական մեդիաֆորումին մասնակցող լրագրողներին կոչով ու հայտարարությամբ դիմել է Հայաստանի ժուռնալիստների միությունը։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ Շուշիում կազմակերպված ֆորումին մասնակցելով, միջազգային լրատվամիջոցները անուղղակիորեն լեգիտիմացնում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից  ավելի քան 7 ամիս շարունակվող շրջափակումը, որը հանգեցրել է սարսափելի հումանիտար ճգնաժամի և ամեն ժամի հետ սպառնում է խլել նոր մարդկային կյանքեր։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն