32 բեռնատար Հայաստանի, 2 բեռնատար՝ Ադրբեջանի հատվածից․ հումանիտար օգնությունն Արցախ չի հասնում
Շրջափակված Արցախին ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության 22 բեռնատարներին միացել են ևս 10–ը, որոնք Կոռնիձոր են հասել Ֆրանսիայից։ Մեքենաները չեն կարողանում անցնել Լաչինի միջանցքով Ադրբեջանի ստեղծած խոչընդոտների պատճառով։ Հումանիտար շարասյունն ուղեկցող Ֆրանսիայի պատվիրակության անդամները ստիպված ասուլիս են հրավիրել Կոռնիձորում։ Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձոր է ուղևորվել օգոստոսի 9-ին։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր շրջանները։ Դրանց ղեկավարները նույնպես հասել են Կոռնիձոր և փորձել են մարդասիրական օգնությունը հասցնել հասցեատերերին։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Մարսելի, Ստրասբուրգի քաղաքապետերը և Ֆրանսիայի ևս 6 շրջանի ղեկավարներ սեփական օրինակով են աշխարհին ցույց տալիս, թե ինչպես է Ադրբեջանը մոլորեցնում բոլորին, տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ–ի ԱԽ–ում վստահեցնելով, թե Լաչինի միջանցքը բաց է։ Տարբեր կուսակցություններ ներկայացնող պաշտոնյաները Ֆրանսիայից կարողացան հասնել միայն Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Հայաստանի կողմից Կոռնիձորի հատված, դրանից այն կողմ արդեն Ադրբեջանի ապօրինի անցակետն էր, որով նրանց տեղաշարժն արդեն թույլ չտրվեց։ Ֆրանսիացի պաշտոնյաները Կոռնիձորից դիմեցին միջազգային հանրությանը։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շեշտեց միջազգային իրավունքը և 2020–ի հայտարարությունը հարգելու անհրաժեշտությունը։ Իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում, ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, հստակ անուն ունի։
«Պետք է խոսենք շատ հստակ՝ համապատասխան բառեր օգտագործելով։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության։ Ցեղասպանություն որակող սկզբունքներից, կետերից 4–ը ճանաչված են միջազգային հանրության և փորձագետների կողմից։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում այսօր տեղի ունեցողը որակելու համար։ Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես իր իրավունքներն է պահանջում և այն իրավունքները, որ ունի ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ»։
Ֆրանսիայի պատվիրակության անդամները Կոռնիձորից դիմեցին նաև Ֆրանսիայի նախագահին՝ օգտագործել ՄԱԿ–ի ԱԽ–ում ունեցած դիրքը բանաձև ընդունելու համար Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով։
Մեկ ամսից ավելի Կոռնիձորում կանգնած մարդասիրական օգնության 22 բեռնատարներին ավելացան ևս 10–ը։ Ֆրանսիայի տարբեր նահանգներից Արցախին ուղարկված հումանիտար բեռը պարունակում է հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, գեներատորներ, արևային պանելներ։ Ֆրանսիացի պաշտոնյաների ձևակերպմամբ՝ «այն ամենը, ինչ թույլ կտա դիմադրել»։ Հայաստանի կողմից ավելի քան մեկ ամիս առաջ ուղարկված բեռնատարերում ապահովված են համապատասխան պայմանները և սառնարանները դեղորայքը պահպանելու համար՝ վստահեցնում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը նշում է, որ իրենք օրինակով են փորձում միջազգային հանրությանը արթնացնել և Ուկրաինայից բացի ուշադրություն հրավիրել նաև ողբերգության վրա, որը տեղի է ունենում Հայաստանում և Արցախում։ Հույս ունի, որ ֆրանսիական նախաձեռնությանն առաջիկայում կմիանան նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Խնդրի կարգավորման հարցում կարևորելով ԵՄ դերակատարումը, Քսավիե Բերտրանը կարևորում է նաև սկզբունքայնությունը․
«Նախ և առաջ լավ կլիներ, որ տիկին Ֆոն Դեր Լեյենը չստորագրեր համաձայնագիր Ադրբեջանի հետ, գազ, որը նաև մասամբ գալիս է նաև Ռուսաստանից։ Եվ դա ուղղակիորեն նշանակում է աջակցել այն երկրին, որն արցախահայության հալածողն է»։
Թեև Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությունը չհասավ Արցախ, բայց Ստեփանակերտի հրապարակում բարձրացվեց Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտիքի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռակապով հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ Ֆրանսիայում էր և զգուշացնում էր իրավիճակի նման զարգացման հնարավորության մասին։
«Ադրբեջանը ակնկալում է ճնշմամբ, հումանիտար, սննդի և այլ միջոցով ծնկի բերել արցախցուն, Արցախին, բայց դա չի հաջողվի։ Պայքարելու ենք այնքան, ինչքան հնարավորություն ունենանք։ Չնայած այլևս որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք»։
Ուշագրավ է, որ նույն շրջանում Արցախին մարդասիրական օգնություն է ուղարկվել նաև այլ կողմից։ Եթե Հայաստանի և Ֆրանսիայի օգնությունը Արցախ չի հասնում Ադրբեջանի արգելքի պատճառով, ապա Ակնայի՝ Աղդամի ճանապարհով Բաքվից Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից դեպի ԼՂ ուղևորվող 40 տոննա հումանիտար բեռով երկու մեքենաները չի ընդունում հենց արցախյան կողմը։ Ակնայի կողմից արդեն բետոնե արգելապատնեշներ և փշալարեր են տեղադրել նաև ռուս խաղաղապահները։
Օրեր առաջ ընդլայնված քաղաքական խորհրդակցություններից հետո Ստեփանակերտը որոշում է կայացրել չբացել և չօգտագործել այդ ճանապարհը։ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է միայն մեկ ճանապարհով անխափան երթևեկի ապահովման պայմանը, վկայակոչում է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ հավելելով արցախյան կողմի մյուս մտավախությունները․
«Մենք ունենք միայն մեկ ճանապարհ միջանցքի կարգավիճակով, և երկրորդ միջանցքի հասկացություն մեզ համար չպետք է ամրագրենք։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը քաղաքական նպատակներ հետապնդելով փորձում է ցույց տալ աշխարհին, որ իրենք ունեն ներքին խնդիր, և Արցախի ճգնաժամը չի կարող առնչվել արտաքին աշխարհին։ Հերթական քաղաքական սադրիչ քայլ է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իր կողմից հնարավոր ամեն ինչ արվում է։ Նաև մեկ այլ նրբություն, որ Ադրբեջանն իր Կարմիր մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը։ Միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն և հնարավորություն է։ 30 տարի գրասենյակը Ստեփանակերտում գործում է որպես առանձին միավոր՝ Ժնևին ուղիղ ենթակայությամբ։ Մեզ համար գաղտնիք չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը բոլոր ջանքերն ուղղում է այդ գրասենյակը Ստեփանակերտից դուրս բերելուն»։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում հստակեցրել է, թե երբ կարող է բացվել Լաչինի միջանցքը։ Կրկին անտեսելով միջազգային կոչերը և հորդորները Ադրբեջանը պայման է դնում՝ Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո միայն՝24 ժամվա ընթացքում, Լաչինի միջանցքը կարող է բացվել։