Երկար տեքստի համար հայցում եմ ներողամտություն:

Ադրբեջանական կուտակումների, սահմանի լարվածության, պայթյունավտանգ իրողությունների վերաբերյալ վերջին օրերին շրջանառվող տարերային տեղեկությունները, ընդհուպ պաշտոնական ամենաբարձր մակարդակով, կարող են պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով եւ նկատառումներով, ամենատարբեր թե ներքին քաղաքական հաշվարկներով, թե արտաքին քաղաքական իրողություններով:

Ուշադրության է արժանի մի հանգամանք՝ կարծես թե բավականին ընդգծված է տեղի ունենում իրավիճակի լարումը, բավականին այսպես ասած բաց է գնում խաղը: 

Սա կարող է ունենալ մի քանի պատճառ: Օրինակ այն, որ հասունացել է ռազմական գործողությունների բռնկման միջազգային մի այնպիսի կոնսենսուս, որի պարագայում այլեւս չկա որեւէ բան թաքցնելու իմաստ: 

Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ կա այդպիսի որոշակի ուժեղ մոտիվ՝ արտաքին որեւէ բեվեռում, բայց Ադրբեջանի մոտ այդուհանդերձ չկա բավականին ռիսկային արկածախնդրության մեջ մտնելու ցանկություն, եւ գեներացնելով բախման ինտենսիվ, բաց հասունացման մթնոլորտ, փորձ է արվում այսպես ասած «վիժեցնել» այն, առաջ բերել համարժեք հակազդեցություն:

Կարծում եմ արժե  դիտարկել նաեւ այդ ռակուրսը, որովհետեւ, այո՝ Բաքուն շարունակում է ուժի սպառնալիքի, շանտաժի վրա կառուցված ագրեսիվ քաղաքականությունը, բայց Ադրբեջանի համար այդտեղ թերեւս նախընտրելին առավել հանդարտ ռեժիմն է, որի պարագայում հասցնում է արդյունավետ աշխատել  ռեգիոնում կենսական կամ կարեւոր շահեր ու հետաքրքրություններ հետապնդողմ բայց նաեւ իրարամերժ դիրքերում գտնվող ուժային կենտրոնների հետ: 

«Բաց խաղի»  երրորդ պատճառ կդիտարկեի այն, որ խաղադրույքը ոչ թե ռազմական բախման վրա է, այլ դրա բավականին ինտենսիվ իմիտացիայով ինչ որ քաղաքական արդյունք կամ թեկուզ պրոցես ստանալը:

Բոլոր դեպքերում, մի բան աներկբա է, որ Հայաստանի կառավարությունը պետք է գործադրի պատերազմ թույլ չտալու համար անհրաժեշտ բոլոր ջանքերը, հարկ եղած դեպքում՝  ինչպես ասում եմ եւ գրում արդեն մի քանի ամիս շարունակ, դիմելով դիվանագիտական, քաղաքական ներուժի լայն մոբիլիզացիայի, անկախ քաղաքական հայացքներից: 

Հայաստանի համար պատերազմն այսօր մի վտանգ է, որի կանխարգելումից վեր չի կարող լինել ոչ մի այլ հարց:

44-օրյա պատերազմի համար ինքս չեմ մեղադրել գործող մեծամասնությանը, եւ այդ առնչությամբ մի քանի անգամ արտահայտել եմ կարծիքս: Ըստ իս, այդ պատերազմը պլանավորվում էր 2018-ի աշնանը, բայց Հայաստանում մայիսին տեղի ունեցածը ստեղծեց նոր իրավիճակ եւ առնվազն հետաձգեց պատերազմը: Ես 2018-ից հետո հարցազրույցներում պարբերաբար խոսել եմ, որ նոր իշխանությունն ունի առաջնային, կարեւոր մի գերխնդիր՝ ռեգիոնալ խախտված բալանսի պայմաններում հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը եւ բացել թեկուզ հարաբերական խաղաղությունը շարունակելու նոր տարածություն, մինչ կձեւավորենք ավելի հաստատուն խնդիրներ լուծելու ներուժ: 

Ի դեպ, այդ առումով եմ նաեւ բազմիցս ասել, որ պետք է վերջ տալ հետհեղափոխական իրադրության գլխավոր, «դիսկուրսային» հարցը այսպես ասած թավիշ-չթավիշ  դիտարկելը, մեր առաջ կան ավելի լուրջ խնդիրներ:

Ինչպես նշել եմ շատ անգամներ, նույնիսկ պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին հրապարակել եմ հոդված, որ արտաքին տիրույթում մարտահրավերները նկատելիորեն ուժգին են եւ դրանց հակազդման, պայթյունավտանգ զարգացում թույլ չտալու համար իշխանությունը հարկ եղած դեպքում պետք է կարողանա գնալ ընդհուպ արտահերթ խորհրդարանական ընտրության: Դրանից առաջ ունեցել եմ այդ տրամաբանության շրջանակում այլ հոդվածներ, խոսելով այն մասին, որ պետք է գտնել ներքին բեվեռացումը խորացնող օրակարգին փոխարինող, համակեցության նոր որակի պայմանավորվածություններ ենթադրող ճանապարհներ, քանի որ հակառակը քանդելու է ամեն ինչ:

Դժբախտաբար, չի ստացվել խուսափել 44-օրյա պատերազմից: Դա չի ստացվել: Չի  ստացվել ապաշնորհության, դիտավորության, թե որեւէ այլ պատճառով, այստեղ կարծիքները տարբեր են: Ես կարծում եմ նաեւ, որ միայն Հայաստանի ջանքը կարող էր եւ լինել ոչ բավարար, հաշվի առնելով նաեւ արտաքին մրջավայրային ուժգին գործոնները՝ գերտերությունների միջեւ խորացող պայքարից, մինչեւ կորոնավիրուս, որը փաստացի կանգնեցրեց դիվանագիտական կյանքը եւ ըստ էության այդ թվում նաեւ արցախյան պրոցեսը: 

Կրկնեմ, այստեղ կարծիքները բնականաբար տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, իր բացատրությունը, տարբեր նկատառումներով: Եվ ես չեմ պնդի, թե իմն է ավելի մոտ իրականությանը:

Այսօր գլխավոր խնդիրը նոր պատերազմ թույլ չտալն է: Եվ, այսօր, ըստ իս, 44-օրյայից երեք տարի անց՝ այդտեղ որեւէ ձախողման գրեթե միանձնյա պատասխանատվությունը լինելու է արդեն ներկայիս կառավարող ուժինը, 

ինչպես որ նրանը կլինի իսկապես չափազանց նեղացող արահետով այդ վտանգից որեւէ մեթոդաբանությամբ արժանապատվորեն խուսանավելու գլխավոր վաստակը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն