Արցախում իրենց տունը կորցրած փրկարարները դեռ տուն չեն գալիս
Անահիտ Սվարյան
Ռադիոլուր
Արցախցի փրկարարներն այս օրերին ոչ միայն լրագրողների, այլև հարազատների ու ընկերների հետ խոսելու ժամանակ չունեն։ Կանգ առած կյանքով Արցախում նրանք դեռ կյանքեր են փնտրում։
Օրդիյանց Միլենան երկար տարիներ Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայությունում է աշխատել։ Ապրիլին կարճատև այցով Կոռնիձոր՝ քրոջ տուն է եկել ու վերադառանալ այլևս չի կարողացել։ Հիմա Կոռնիձորից է զանգում փրկարար ընկերներին․ ինքն էլ անհետ կորած բարեկամներ ունի։
«Նորմալ ինֆորմացիա չեն ասում։ Մենք էլ չենք կարողանում երկար խոսենք հետները։ Կարճ ասում են՝ շատ վատ ա, ահավոր ա, նույնիսկ ավելի վատ ա, քան պատերազմի ժամանակ։ Դե մեքենաներով այրված զինվորներ են տեսել, դիակներ։ Բայց ասում ա՝ սա ահավոր ա»,–ասում է Միլենան։
Նա Արցախի մասին նորություններն ընկերներից է իմանում։ Ասում է՝ գազալցակայանի պայթյունի մասին շատ ավելի շուտ էր տեղեկացել, քան հաղորդվել էր ։
«Չկարողացանք նորմալ խոսենք իրենց հետ, ասեցին շատ ուժեղ հրդեհ է,գնում ենք։ Չհասկացանք՝ ինչ էր եղել։ Հետո լուրերով տեսանք՝ իրոք շատ հզոր հրդեհ էր։ Առավոտն էլ խոսացինք, հիվանդանոցում էին։ Բերում են տանում են, օգնում են, շատ սարսափելի վիճակի մեջ են»։
Կոռնիձորում Միլենան դիմավորում է ընկերների ընտանիքներին, փորձում տեղավորել նրանց։ Փրկարարներն իրենց հարազատներին դուրս են բերում, բայց իրենք վերադառնում են Արցախ․
«Իրանք դուրս չեն գա, իրանք մնում են, ընտանիքներին են ուղարկում։ Ասենք բարեկամներով, բան, ով ոնց կարողանում է, ուղարկում են, մենք էլ էստեղ դիմավորում տանում ենք»։
Արցախի բոլոր փրկարարները հիմա ինքնակամ են աշխատում։ Գերատեսչություններն արդեն լուծարված են, աշխատակիցներին ասվել է՝ կարող եք չգալ, բայց շատերը դեռ աշխատում են։ Փրկարարներին միացել են նաև Կարմիր խաչի աշխատակիցներն ու բժիշկները։
«Արդեն բոլորը համախմբված միասին են աշխատում։ Ստեփանակերտի, Մարտակերտի, Լիսագորի, Ասկերանի։ Էն ժամանակ ասենք ամեն մեկս մեր տարածքն էինք սպասարկում, հիմա բոլորը միասին են։ Իրանց ասում են՝ կարաք հելնեք գնաք, բայց մարդիկ աշխատում են, իրանց կամքն ա»,–պատմում է Արտակարգ իրավիճակների ծառայության նախկին աշխատակիցը։
Մեր զրույցի պահին Միլենայի ընկերների մեջ տուժածներ չկային, բայց հրաժեշտից մի քանի րոպե անց նկար ուղարկեց ու գրեց․ «Մեր փրկարարներից է, անհետ կորել է պայթյունից հետո»։
Մինչ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կսկսեր զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները, սոցիալական ցանցերում և տելեգրամ ալիքներում օգտատերերն իրենց որոնողական աշխատանքներն էին տանում։ Այդ հրապարակումներից շատերը հակառակ ազդեցությունն ունեցան։ Հակառակորդը սկսեց թիրախավորել փնտրվողներին և նույնիսկ գումար խոստանալ նրանց գտնողներին։
Սեպտեմբերի 25–ի՝ Ասկերանի վառելիքի պահեստում պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստան` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում, նաև այն գյուղերում, որտեղ պատերազմի առաջին օրերին հնարավոր չէր մտնել։ Անհետ կորած ու գերեվարված մարդկանց թիվն այս պահին հստակ չէ։