Արևմուտքի կողմից կառավարելի՞, թե՞ առճակատվող Ադրբեջան. որն է նախընտրելի
Հայկական կողմն այժմ պաշտոնական Երևանին ուղղված քաղաքական հռետորաբանության և դիվանագիտական ուղերձների մեկնարկային նոր շրջափուլում է` վերլուծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի վերջին օրերի հասցեական հայտարարությունները` ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Արևմտյան երկրները լավ հասկանում են, որ Ադրբեջանը, օգտագործելով իրենց հարթակները, նաև ձեռք բերելով Ռուսաստանի համաձայնությունը, մեծ հաշվով լուծել է խնդիրները և այժմ փորձում են «փրկել» իրենց դեմքը` հռետորաբանության և դիվանագիտական մակարդակում Հայաստանին ցուցաբերելով որոշակի աջակցություն` կարծում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Արևմուտքի նման դիրքավորումը աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։
Հիշեցնենք՝ նախ ամերիկյան կողմը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ խաղաղության շուրջ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։ Այդ հիմնավորմամբ Վաշինգտոնը չեղարկել է մի քանի բարձրաստիճան այցեր` դատապարտելով Բաքվի գործողությունները։
Ապա հաջորդեց Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությունը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին ամուր կանգնած լինելու վերաբերյալ։ «Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել էր եվրոպացի դիվանագետը։
«Եթե այս ողջ գործընթացը տեղի ունենար բնականոն աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, ապա հայկական կողմի համար դա կգնահատվեր արդյունավետ, բայց առկա գլոբալ բևեռացման պայմաններում Հայաստանին ուղղված Արևմուտքի և Վաշինգտոնի նման աջակցությունն ավելի է սրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում մրցակցությունը և ճամբարային դիրքավորումը։ Հեռանկարում մենք տեսնելու ենք Թուրքիայի և Ռուսաստանի առավել ընդգծված աջակցությունը Ադրբեջանին, ինչից օգտվելով՝ Բաքուն կարող է իրեն թույլ տալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող գործողություններ»։
Պետրոսյանի կարծիքով՝ Արևմուտքի կողմից միայն բանաձևեր և հայտարարություններ ընդունելը բավարար չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար, հակառակը` նման փխրուն իրավիճակում դրանք կարող են ունենալ նաև անվտանգային հետևանքներ։ «Արևմուտքի քաղաքականությունը պետք է լինի հետևողական, սակայն, զուգահեռ իրականության մեջ նույն Արևմուտքի հայտարարությունները դիտարկելիս, տեսնում ենք, որ նրանց ռազմավարական խնդիրը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացմանն է ուղղված, եթե ոչ չեզոքացմանը։ Իսկ դա առանց Ադրբեջանի մասնակցության չի կարող իրականացվել։ Այս գործընթացում Ադրբեջանին ներգրավելու համար Բաքվի համաձայնությունն է պետք, ինչը այս փուլում փաստացի չի հաջողվում, ուստի մնում է պարտադրանքը»։
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը չի բացառում մոտ ապագայում Արևմուտքի կողմից Բաքվին սիրաշահելու փորձերը Ադրբեջանին արևմտյան դիվանագիտական հարթակներ վերադարձնելու համար։
«Մեզ համար շատ ավելի ընդունելի սցենար է Արևմուտքի կողմից կառավարելի Ադրբեջանը, քան ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները խզած և այս պահին տարածաշրջանում Արևմուտքի հակառակորդների հետ դաշնակցային պարտավորություններ ստանձնած և իրականացնող Ադրբեջանը։ Այս դեպքում Հայաստանի տարածքը կարող է վերածվել երկու հակամարտող բևեռների բախման հերթական ռազմադաշտի»,- ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։