Գործադիրն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-30 տոկոսի չափով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ՝ նպատակն է մեծացնել համայնքային իշխանությունների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու միջոցով համայնքային բյուջեն կառավարելու հնարավորությունները:

«Բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված է, որ վարչական բյուջեից մի դեպքում մինչև 20 տոկոս, մյուս դեպքում՝ 5-20 տոկոսի չափով կարելի էր մասհանումներ կատարել պահուստային ֆոնդ, ինչն այնուհետև տեղափոխվում էր ֆոնդային բյուջե և հնարավոր էր լինում իրականացնելու ներդրումային կամ կապիտալ ակտիվների ձևավորման աշխատանքներ:

Վաչե Տերտերյանի համոզմամբ` այս հնարավորությամբ համայնքները կկարողանան ավելի շատ ծրագրերի մասնակցել և կապիտալ ակտիվների ձեռքբերման միջոցառումներ իրականացնել:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն