Երևանում կփակցվեն Ալպիկ Մկրտչյանի, Էմիլ Գրիգորյանի, Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները
Երևանի ավագանին հաստատեց հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 20 հասցեում փակցնելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ նա ծնվել է 1937 թվականի փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979-1980 թվականներին եղել է ԵՊՀ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն, 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի բաժնի վարիչ, 1981-2006 թվականներին` տնօրեն, 1986 թվականից, միաժամանակ` ՀՊՃՀ գիտական սարքաշինության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
Արժանացել է ՀՀ Անանիա Շիրակացու մեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի, ԿԳՆ ոսկե մեդալի, «Պատվո նշան» շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի:
Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն էլ, ավագանու որոշմամբ, կփակցվի Արշակունյաց պողոտա 12 հասցեում՝ Ոսկերչական գործարանի պատին:
Միջնորդությունը ներկայացվել է Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Տիգրան Երոյանի կողմից: Ծախսերը հոգալու է Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ն:
Էմիլ Գրիգորյանը ծնվել է 1938 թ. Երևանում: 1955 թ. ոսկե մեդալով ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1960-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունն սկսել է դեռևս բուհական նստարանից՝ Երևանի ոսկերչական գործարանում աշխատելով որպես տեխնոլոգ-նորմավորող: 1983 թ. նա սկսել է ղեկավարել Երևանի ոսկերչական գործարանը: 1998 թ. Էմիլ Գրիգորյանի նախաձեռնությամբ և ջանքերով ստեղծվել է Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միությունը: Էմիլ Գրիգորյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական գործունեություն: 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով, իսկ 2011 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ավագանու որոշմամբ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Բագրատունյաց փողոցի հ. 34Ա հասցեում։ Միջնորդությունը ներկայացվել է որդու կողմից. ֆինանսական կողմը հոգալու է ընտանիքը:
Նա 1970-2000-ական թվականներին մասնակցել է Երևան քաղաքի խոշոր ճարտարապետական կառույցների՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի բոլոր կայարանների, Մարզահամերգային համալիրի, Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի, արդյունաբերական խոշոր 12 գործարանի, բազմաբնակարան 28 շենքի կառուցմանը: