19 հազար դոլար կաշառք՝ բանակ չգնալու համար
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչի կողմից զորակոչիկ որդուն զորակոչից ազատելու համար կաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, կաշառքի դիմաց իր որդուն՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկին, 2018թ․ ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի հետ (նախկին)։ Այնուհետև՝ 2017թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին տղամարդն անձամբ Մարտունի քաղաքում մաս-մաս նշված բաժանմունքի պետին է տվել ընդհանուր 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, վերջինիս միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչի հետ՝ 49–ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ կաշառքի դիմաց որդու` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը պատրաստելու հարցի շուրջ՝ բժիշկների վրա Երևանի բնակչի կողմից ներգործելու եղանակով։ Պայմանավորվածության համաձայն՝ 49–ամյա տղամարդը 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը եղբոր միջոցով փոխանցել է Երևանի հիշյալ բնակչին։ Սակայն վերջինս, որպես ոլորտն ուսումնասիրած անձ, հասկանալով որ զորակոչիկի ունեցած իրական առողջական խնդիրները նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր են ստեղծում, խաբեությամբ ստանալով նշված գումարը, հափշտակել է այն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա զորակոչիկի հորը՝ Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Հիշյալ երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի վերոնշյալ բնակիչը կաշառք ստանալու միջոցով փորձել է պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդությամբ ազատել ևս մի քանի անձի։ Երևանի բնակչի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս կաշառք տված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: