Երևանի քաղաքապետարանը կվերահսկի օդի որակը շինարարական օբյեկտների շրջակայքում
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է կառուցապատողներին շինարարական օբյեկտների շրջակայքում օդի որակի չափանիշների և համապատասխան սարքավորումների վերաբերյալ հստակ պահանջների ծանուցման գործընթացը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն ասաց փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն՝ ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հարցին, թե կառուցապատողներին արդեն ներկայացվե՞լ են հստակ պահանջներ օդի որակի և սարքավորումների վերաբերյալ։
Տիգրան Ավինյանն իր խոսքում կարևորեց իրականացվող այս ծրագիրը։
«Սա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է, որով փաստացի հնարավորություն ենք ստեղծում հենց տեղից, ստանալով տեղեկատվություն հատուկ սարքերի միջոցով, հասկանալ ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտների շրջակայքում և դրանով իսկ իրականացնել մեր վերահսկողական աշխատանքները»,-ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետ Մադաթյանը զեկուցեց, որ այս մասին կառուցապատողներն արդեն համապատասխան գրություններով ծանուցվում են, որն ամբողջական տեսքով կավարտվի այսօր։