ՀՀ կառավարության որոշմամբ մարզական 6 ֆեդերացիաների և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համար անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման նպատակով:

Որոշման համաձայն՝ մարզական ֆեդերացիաներին ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացման, ուսումնամարզական հավաքների կազմակերպման և միջազգային միջոցառումներին մասնակցության նպատակով կհատկացվի ավելի քան 91 մլն դրամ, իսկ Երևանում անցկացված շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի նպատակով՝ ավելի քան 4 մլն դրամ:

Մասնավորապես՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ձյուդոյի, սպորտային պարերի ֆեդերացիաներին, Լողի հայկական դաշնությանը, ինչպես նաև Երևանի շախմատի ֆեդերացիային:

Մարզական ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել են միջազգային մրցաշարեր և առաջնություններ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար անցկացրել ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ այլ երկրների հավաքականների հետ համատեղ: Բացի այդ՝ վերոնշյալ ֆեդերացիաների ներկայացուցիչները մասնակցել են միջազգային մրցաշարերի, մեծացել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցների թիվը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն