Ներդրումներին ստորադասված շրջակա միջավայրը․ դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ․ Հետք
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում` Եղիպատրուշ գյուղում, 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել է փորձաքննության այս տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար, կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել է ապօրինի՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։
«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք: Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է` «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է:
Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու է «Մայլեռ» նախագիծը հիմա ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, եթե տևական ժամանակ արդեն գործում է։ Այս հարցին նախարարությունը խուսափողական և ոչ բովանդակային պատասխան էր տվել՝ մեկ էջ վկայակոչելով օրենքի այն դրույթները, թե որ դեպքում է նախագիծը ներկայացվում փորձաքննության։ Մեղմ ասած՝ նախարարությանը չի հետաքրքրում այն փաստը, որ համալիրն արդեն գործում է, ծառերը հատվել են, կարևորը օրենքի ընթացակարգով փորձաքննության ներկայացնելու փաստն է։