Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում լարված իրավիճակ է։ Ձկնորսները դեմ են սիգի որսի արգելքին և դուրս են եկել փողոց։ Իրավապահներն էլ ձերբակալել են ձկնորսներին, որոնք օրենքին չեն հետևում և շարունակում են ձվադրման շրջանում Սևանից սիգ որսալ։ Այստեղ պարեկների և ձկնորսների միջև նաև բախում է տեղի ունեցել։

Բողոք ակցիայի դուրս եկած նորատուսցիները հայտարարում են, որ ձուկն է իրենց ապրուստի միջոցը, եթե չվաճառեն, ընտանիք պահել չեն կարողանա։

«Իմ «լոդկա մատոռ»-ը, որով ձուկ եմ որսում, նվեր եմ տալիս պետությանը, ժողովուրդն ինչո՞վ ապրեն, մենք 90-ականներից մինչև հիմա Սևանա լճով ենք ապրում։ Հարց ես տալիս, ասում են՝ Երևանում գնա բանվորություն արա․ եթե ես Նորատուսից գալիս եմ Երևան 8,000 դրամով «բորդյուր» շարեմ, եթե հաց ել ուտեմ, ինձ 5,000 դրամ հազիվ մնա, տնեցիք էլ մնացին սոված։ Էղավ, որ ես Երևան աշխատում եմ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակից ձկնորսը։

Անդրադառնալով իրենց և պարեկների միջադեպին՝ ձկնորսներից մեկը նշեց, որ ձերբակալված ձկնորսներից ոչ մեկը հանցագործ չեն, միայն իրենց ապրուստն են հոգում։

«Ոնց Ալիևը մարդկանց Ղարաբաղում սովամահ արեց, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է մեզ սովամահ անում՝ լիճը փակելով։ Թող գան ասեն՝ նորատուսցիք սոված մնացեք, մենք էլ տները բանալիներով փակենք, թողենք գնանք»,- հայտարարեց մեկ այլ ձկնորս։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ից սիգի որսն արգելվել է, ձկնորսները դեմ են որոշմանը և շարունակում են որսը։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝  Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն