Իրանի պատվիրակությանն են ներկայացվել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված բարեփոխումները
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԲԴԽ-ից:
Երանուհի Թումանյանցը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքում ինչպես Հայաստանից են Իրան մի քանի տասնյակ դատապարտյալներ փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, այնպես էլ երեկ Իրանից առաջին անգամ տեղի է ունեցել դատապարտված ՀՀ քաղաքացու փոխանցում մեր երկիր։
Բացի այդ՝ հյուրերի խնդրանքով Երանուհի Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ու անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված այն հսկայածավալ բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարում։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առավել սեղմ ժամկետներում կազմակերպել օտարերկրյա քաղաքացիների փոխանցումը՝ իրենց քաղաքացիության երկրում պատժի հետագա կրումը շարունակելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի դեսպանատան հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալլահին, Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի քարտուղարության փորձագետ Ամիրհոսեյն Ֆարաջին և Դատական դեպարտամենտի արտաքին կապերի վարչության պետ Գոհար Հակոբյանը։
Քննարկման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության ուղղությամբ ներդրվող ջանքերը: