Որո՞նք կլինեն 2024-ի տիեզերական ամենահեռանկարային առաքելությունները
ԱՄՆ Ինդիանա նահագնի Փերդյու համալսարանի ամերիկացի մոլորակագետները նշել են գալիք 2024-ին նախատեսված տիեզերական հետազոտության ամենակարևոր առաքելությունները: Հետազոտողները կիսվել են իրենց ակնկալիքներով The Conversation-ի հետ զրույցում:
2024-ի ինտրիգային տիեզերական նախագծերից մեկը կլինի NASA-ի Europa Clipper առաքելության մեկնարկը դեպի Եվրոպա՝ Յուպիտերի ամենամեծ արբանյակներից մեկը: Եվրոպան մի քիչ է փոքր Երկրի արբանյակից և ամբողջովին ծածկված է սառույցով: Ենթադրվում է, որ դրա սառցե շերտի տակ թաքնված է աղի օվկիանոս, որը երկու անգամ ավելի շատ ջուր է պարունակում, քան մեր մոլորակի բոլոր օվկիանոսները միասին։
Europa Clipper զոնդը պետք է օգնի պարզել, թե արդյոք Եվրոպայի ջրային խորքերում կարող է կյանք լինել, կամ գոնե դրա ի հայտ գնալու համար նպաստավոր պայմաններ։ Առաքելության ընթացքում սարքը շուրջ 50 անգամ կպտտվի Յուպիտերի արբանյակի շուրջը։ Europa Clipper-ը կգործարկվի 2024-ի հոկտեմբերին և տեղ կհասնի 2030-ին:
2024-ին է նախատեսված Artemis առաքելության երկրորդ փուլը։ Այս առաքելության վերջնական նպատակն է մարդկանց իջեցնել Լուսնի մակերես։ Artemis II-ը 1972-ից ի վեր առաջին անգամ Լուսին կուղարկի NASA-ի չորս տիեզերագնացների: Թռիչքը կտևի 10 օր, որի ընթացքում անձնակազմի հետ տիեզերանավը կպտտվի արբանյակի շուրջy և կվերադառնա Երկիր։ Ըստ պլանի՝ Artemis II-ը կգործարկվի 2024-ի նոյեմբերին։
2024-ի նոյեմբերին NASA-n նախատեսում է նաև նորարարական VIPER ռովերն ուղարկել Լուսին՝ Երկրի արբանյակի հարավային բևեռը հետազոտելու համար։ Ինքնակառավարվող սարքը, որը մոտավորապես գոլֆի մեքենայի չափ է, սարքավորված է ջրի և ածխաթթու գազի որոնման համար: Առաքելությունը կտևի 100 օր, որի ընթացքում ռովերը կենթարկվի 107 °C-ից մինչև -240 °C ջերմաստիճանային փոփոխությունների։
VIPER-ի հետ մեկտեղ 2024-ին Լուսին կուղարկվի Lunar Trailblazer սարքը։ Այն ուղեծրային մոդուլ է, որը ջրի հետքեր կփնտրի արբանյակի մակերեսի ջերմաստիճանը չափելով։
Ճապոնական JAXA տիեզերական գործակալությունը մտադիր է 2024-ի սեպտեմբերին արձակել Martian Moon eXploration (MMX) ինքնակառավարվող առաքելությունը դեպի Մարսի Ֆոբոս և Դեյմոս արբանյակներ: Առաքելության գլխավոր նպատակն է պարզել, թե կոնկրետ ինչպես են առաջացել այս արբանյակները։ Դրանք կարող են լինել աստերոիդներ, որոնք գրավվել են հարևան մոլորակի ձգողականության կողմից կամ ձևավորվել Մարսը շրջապատող բեկորներից:
Վերջապես, Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) Hera զոնդը կուղարկի Դիդիմ-Դիմորֆ աստերոիդ համակարգ 2024-ին։ Սարքը նպատակակետին կհասնի մինչև 2026-ը և կօգնի ուսումնասիրել այս երկնային մարմինների ֆիզիկական հատկությունները։