Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության Խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման հարցերին։

Նորին Սրբությունը ցավով է արձանագրել, որ հակառակ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի կողմից շարունակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները, սահմանին տեղ են գտնում սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով զոհվում և վիրավորվում են քաջարի հայորդիներ։ Առկա իրադրության մեջ Հայոց Հայրապետը կարևորել է միջազգային հանրության կողմից առարկայական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ռազմատենչ և ծավալապաշտական նկրտումների կասեցման համար։



Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել ներկաներին Հայաստանի հիմնախնդիրների հանդեպ ուշադրության և բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած զորակցության համար։       

Իր հերթին Սըր Ջոն Ուիթինգդեյլը Նորին Սրբությանը տեղեկացրել է Ջերմուկ քաղաք պատվիրակության այցի և Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների հետ հանդիպման տպավորությունների մասին, անդրադարձ է կատարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։     

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք առնչվում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում Հայոց Եկեղեցու գործունեությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն