Թեև ԱՄՆ Պետդեպի խոսնակ Միլլերը հայտարարում է, որ Բրյուսելում քննարկվելու են տնտեսական դիմակայունության հարցեր, հայ փորձագետները համոզված են, որ այդ թեմաները քննարկումների օրակարգում երկրորդական են լինելու, կարևորը Հայաստանի անվտանգության խնդիրն է։ Իսկ բրյուսելյան հանդիպումը մտահոգում է Բաքվին, քանի որ շատ հավանական է, որ արդեն գործադիրի մակարդակով խիստ հայտարարություններ հնչեն, որոնք անմիջապես կիրագործվեն։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, չբացառելով նաև, որ երկրորդական թեմաների շրջանակներում կքննարկվեն հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցեր։ Ամերիկյան կողմի այս պարզաբանումը հնչեց տարբեր դիտարկումներից ու Բաքվի, այսպես ասենք, մտահոգված հայտարարություններից հետո։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը միտում է տեսնում այս հստակեցնող հայտարարությունը որոշակի դադարից հետո տարածելու մեջ։ Դրա նպատակն, ըստ նրա, տրամադրություններ ճշտել էր։ Արևմուտքը հասկացել է, թե ինչ մտահոգություններ կան հակամարտության կողմերում։ Եվ որքան էլ Միլլերը վստահեցնի, որ Բրյուսելում Փաշինյանը, Բլինկենը ու Ֆոն դեր Լայենը քննարկելու են տնտեսական դիմակայունության հարցեր, իրականում հարցերի քննարկման շրջանակը անվտանգության խնդիրներն են լինելու, համոզված է վերլուծաբանը․

«Տնտեսական կայունության բարձրացումը առանց պաշտպանողականության բարձրացման, առանց կայունության՝ ոչինչ չի տա, քանի որ այսօր Հայաստանին ոչ թե տնտեսական կոլապս է սպասվում, այլ անվտանգության խնդիր կա։ Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը հարմար պահի է սպասում, որ հերթական անգամ ներխուժի  Հայաստանի տարածք։ Դրա համար կարծում եմ, որ թեև տնտեսականի գործոնը կլինի Բրյուսելում, բայց դա առաջնային չի լինի, առաջնայինը կլինի պաշտպանունակության խնդիրը, դա չի նշանակում, թե ամերիկացիներն ու եվրոպացիները վաղը զորք են մտցնելու այստեղ։ Կարծում եմ ինչ-որ միջոցառումներ կլինեն, որոնք կզսպեն Ադրբեջանին»։

Վերլուծաբանը կարծում է, որ ԱՄՆ և ԵՄ ավելի մեծ աջակցություն կտրամադրեն Հայաստանին, և դա կլինի ամենայն հավանականության զենքի ու գումարի տեսքով։

Թերևս սրանով էին պայմանավորված Բաքվից մեկը մյուսին հաջորդող մտահոգված հայտարարությունները Բրյուսելում սպասվող հանդիպման մասին։ Բաքուն շտապեց անգամ դեռ չկայացած հանդիպումը որակել կողմնակալ ու երկակի ստանդարտների վրա հիմնված։

Իզուր չէր անհանգստանում Ադրբեջանը, համոզված է Ղումաշյանը։  Ըստ նրա՝ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների սպառնալիքի մասին կհայտարարեն, որը ոչ թե օրենսդիրի մակարդակով կհնչի, այլ այս անգամ արդեն գործադիրի։ Դա արդեն այլ մակարդակ է, որին կհաջորդեն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցների վրա ազդեցությունները, որոնց մասին մենք գուցե և չիմանանք, կարծում է Մանվել Ղումաշյանը։

«Մի բան է հայտարարություն՝ պառլամենտական մակարդակով, որը բազմիցս եղել է ընդդեմ Ադրբեջանի, մի այլ բան է՝ հայտարարություն գործադիրի մակարդակով։  Ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ալիևի համար շատ ավելի ցավալի կլինի, քան թե ողջ պառլամենտի մի բանաձևը։ Կամ նույն Բայդենի հայտարարությունը կլինի Ամերիկայի տեսակերտը, որը շատ ավելի վախենալու է։ Ալիևը երկու վախ ունի, մեկը՝ որ պահի աթոռը իր երկրում, և երկրորդը՝ որ անձեռնմխելի պահի իր կարողությունը ԱՄՆ ու ԵՄ-ում։ Կարծում եմ՝ եթե խիստ հայտարարություն լինի, դա բավական կլինի Բաքվին զսպելու համար»։

Իսկ որքանո՞վ է հավանական, որ սպասվող հայտարարությունը կանխի, օրինակ, ադրբեջանական ներխուժման սպառնալիքը։ Այս հարցի վերաբերյալ քաղաքական վերլուծաբանը մի դիտարկում է անում․

«Հնարավոր է, և ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Փաշինյանը պրովոկացիա արեց, որպեսզի սրացնի այդ հարցը և որպեսզի բոլորը հասկանան, որ հարցերը այդպես չեն լուծելու, որ եթե դուք ուզում եք ինչ-որ հողեր վերադարձնել, ապա դա պետք է լինի փոխադարձ, այսինքն նստեք որոշեք, թե որն է սահմանը, որ քարտեզների հիման վրա է այդ դելիմիտացիան, դեմարկացիան լինելու, ժամանակացույց դրեք ճանապարհային քարտեզը գծեք»։ 

Եթե ճանապարհային քարտեզը գծվի, արդեն հստակ գրված պետք է լինի, որ Ադրբեջանը դուրս է գալիս հայկական տարածքներից ասում է Ղումաշյանը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով էլ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերի պարզաբանող  հայտարարությունը, որ Բրյուսելում տնտեսական ու մարդասիրական աջակցության հարցերն են քննարկվելու, նշանակում է, որ Ադրբեջանը մտահոգության առիթ չպետք է ունենա:

«Ի՞նչ է նշանակում մարդասիրական օգնություն: Դա Արցախից բռնի տեղահանված արցախցիներին ցուցաբերվելիք օգնությունն է: Եթե այդ հարցը ապրիլի 5-ի աննախադեպ ու կարևոր ձևաչափի օրակարգի հարց է, նշանակում է, որ խոսքը վերաբերելու է աննախադեպ չափի ու տրամաբանությամբ օգնության, այլ ոչ թե սովորական, ինչպես եղել է մինչ այժմ: Այլ կերպ ասած, Բաքվին ակնարկում են՝ մենք քննարկելու ենք արցախյան հարցը ևս մի շերտով փակելու օրակարգ, դուք ինչո՞ւ եք անհանգստանում: Իսկ Ադրբեջանն «անհանգստանում» է ընդամենն իր գինը բարձրացնելու համար, այդ թվում Հայաստանին հատկացվելիք օգնության բրյուսելյան քննարկումների համատեքստում»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի  անդամության թեկնածության շուրջ հնարավոր բանակցությունների մեկնարկին, ասաց՝ չի կարծում, որ այդ հանդիպմանը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարվի։

Վերլուծաբան Ղումաշյանը ևս կարծում է, որ այդ հարցը Բրյուսելում երկրորդական թեմաների շարքում է լինելու, այնպես ինչպես մուտքի արտոնագրերի ազատականացման  հարցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն