Էրդողանը տապալվել է ՏԻՄ ընտրություններում. արդյո՞ք Թուրքիայի գործող նախագահը հանձնում է իշխանությունը
Թուրքիայում վերջին 20 տարում առաջին անգամ Էրդողանն ու իր թիմը տանուլ են տվել ՏԻՄ ընտրությունները։ Նախնական տվյալներով՝ բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում ընդդիմությունը հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Թուրքիայի նախագահի համար այս ընտրությունները կարևոր էին, քանի որ իշխող կուսակցությունը նպատակ ուներ վերականգնել վարչական կառավարման վերահսկողությունն այն շրջաններում, որտեղ իշխանության ղեկին են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում: Գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը, ամենայն հավանականությամբ, նորից կվերընտրվեն Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի պաշտոններում։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Էրդողանը պատրաստվում է իշխանությունը հանձնելուն։
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը վերջին 20 տարում առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։
«Իմամօղլու և Յավաշ շնորհավորում եմ: Սա հստակ ուղերձ է նախագահ Էրդողանին։ Իսրայելի վրա հարձակվելն այլևս չի աշխատում, նա պետք է նոր բաներ գտնի»,- Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն է ասել՝ շնորհավորելով ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուներ Մանսուր Յավաշին, Էքրեմ Իմամօղլուին։ Նա սկանդալային հայտարարությամբ դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը։
Թուրքիայի նախագահն ընդունել է իր կուսակցության պարտությունը, սակայն համարում է, որ դա ոչ թե վերջն է, այլ՝ շրջադարձային կետ։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ Անկարայում իր կողմնակիցներին հայտարարել է Էրդողանը։
«2023 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրություններում մեր հաղթանակից ինը ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք ստանալ այն արդյունքը, որը ցանկանում էինք։ Ժողովուրդը քվեատուփերի միջոցով մեզ է փոխանցել իր ուղերձը, իր կամքն ու նախազգուշացումները»։
Անկախ քվեարկության արդյունքներից՝ հաղթել է թուրքական ժողովրդավարությունը, հայտարարել է Էրդողանը, նշել, որ ընտրություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։
Լրատվամիջոցները, սակայն, հաղորդում են, որ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում հանգիստ չեն անցել՝ չնայած որ անվտանգությունն ապահովել են իրավապահ մարմինների շուրջ 600 հազար ներկայացուցիչներ: Ինչպես Ermenihaber-ն է գրում, ընտրությունները մի շարք շրջաններում ուղեկցվել են միջադեպերով։ Դիարբեքիրի Սուր շրջանում մի խումբ անձանց միջև ընտրություների պատճառով վիճաբանություն է ծագել, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն։ Վեճի հետևանքով մահացել է 1 մարդ, 11-ը՝ վիրավորվել են։ Ընտրությունների հետ կապված մեկ այլ միջադեպի հետևանքով մահացել է 1 մարդ, իսկ 4-ը վիրավորվել։ Շանլըուր-ֆայում ևս ղեկավարի ընտրության պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, որոնցից 2-ը վիրավորվել են հրազենից։
Փորձագետների համոզմամբ՝ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններն առաջին լուրջ քաղաքական փորձությունն են 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ, որոնցում Էրդողանը չի առաջադրվի: Ընդդիմադիր ուժերից հավանական թեկնածու է համարվում հենց Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը հենց այս համատեքստում է հատկապես ուշագրավ համարում այս ընտրությունների արդյունքները։
«Կարող ենք արձանագրել, որ օր-օրի Էրդողանի դիրքերը թուլանում են, և Էրդողանի առողջական վիճակն էլ նույնպես վատ է։ Էս առումով կարող ենք ասել, որ սա Թուրքիայում Էրդողանի բռնապետական իշխանության վերջն է արդեն»։
Որոշ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայում ընտրությունների արդյունքը գերազանցեց սպասելիքները և դարձավ քաղաքական երկրաշարժ կամ նույնիսկ ցունամի այդ երկրի համար։ Քաղաքագետ, ռուս-թուրքական հարաբերությունների փորձագետ Հաքան Աքսայը կարծիք է հայտնել, որ այժմ երկրում կքննարկվի արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ Նրա կարծիքով՝ ընդդիմությանը բարդ օրեր են սպասվում այս ընտրություններից հետո, քանի որ Թուրքիայում «քաղաքական իրավիճակ է փոխվել»։
Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը, սակայն, հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրություններ չեն նախատեսվում, և Էրդողան կպաշտոնավարի մինչեւ 2028 թվականը։
«Կարծում եմ՝ նրանք, ովքեր ընդհանուր ընտրությունների համար հաշվարկներ են անում՝ ելնելով ՏԻՄ-ում կուսակցությունների ստացած ձայներից, չպետք է իզուր վատնեն իրենց ժամանակը։ Թուրքիան չորս տարիների ընթացքում առանց ընտրությունների՝ մինչև 2028 թվականը, բարեփոխումների քաղաքականություն կվարի բոլոր ոլորտներում։ Նախագահ Էրդողանը իր ղեկավարությամբ Թուրքիային կտանի նոր փուլեր՝ ելնելով անկախ և ուժեղ Թուրքիայի հեռանկարից»։
Հայ փորձագետների գնահատմամբ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքը քաղաքական երկրաժարժի կամ ցունամիի խնդիր չէ, այլ՝ հստակորեն ազդեցությունների պայքարի հարց է։ Ինչպես ցանկացած երկրում՝ Թուրքիայում էլ ազդեցություն ունենալու համար պայքարում են Արևելքն ու Արևմուտքը, նկատում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Նրա գնահատմամբ՝ տեսանելի է, որ այստեղ առավել աճում է Արևմտյան-հրեական ազդեցությունը՝ ի հաշիվ Արևելքի՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցության։ Թուրքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիան արևմտյան դաշինքի անդամ է և առկա են մի շարք գործոններ։ Նախ՝ երկիրը ավերիչ երկրաշարժի հետևանքով մեջքը դեռ չի ուղղել, տնտեսական շատ վատ վիճակ է և Թուրքիան պետք է իր հայացքը դեպի արևմուտք ուղղի՝ այնտեղից օգնություն ստանալու համար։
«Այդ տեսանկյունից արդեն Էրդողանը նշանակալի զիջումների գնացել է։ Մասնավորապես՝ նա իր կառավարության ռուսամետ անդամներին հեռացրել է պաշտոններից՝ տեղը նշանակելով արևմտամետների։ Սա նույնպես ազդակ է, որ Էրդողանն արդեն կամաց-կամաց հանձնում է իշխանությունը՝ Արևմուտքի լիակատար ազդեցությանը»։
Դա նախագահական արտահերթ ընտրություններով կլինի, թե ոչ՝ փորձագետը դժվարանում է կանխատեսել։ Նա կարծում է, որ նախագահական արտահերթ ընտրություններ կլինեն միայն այն դեպքում, երբ Էրդողանի առողջական վիճակը լինի այնպիսին, որ նա չկարողանա ղեկավարել այլևս։
«Այդ դեպքում, իհարկե, հնարավոր է, եթե Էրդողանը չլինի, բայց տվյալ դեպքում կուսակցությունը կարող է այլ թեկնածու առաջադրել։ Սակայն, որ արդեն «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թուլանում է, դա փաստ է»։
Բոլոր դեպքերում, թուրքագետի խոսքով, այդ երկրի արտաքին քաղաքականությունը էական փոփոխություն չի կրել, անգամ՝ Էրդողանի ղեկավարմամբ, քանի որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Դա արդեն փաստ է, որ այդ երկիրն ունի իր հստակ արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ եզրափակում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։