Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։
Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում որակավորումը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարին։ Կրեդիտային համակարգի ներդումից հետո, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու նպատակով, 2024 թ. գործունեության համար տարեկան միավորների առաջին հաշվարկը նախատեսված է իրականացնել 2025 թ․ հունվարին։
Այսպես, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայական ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Կրեդիտային միավորները ձևավորվում են հետևյալ աղբյուրներից՝
- մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցություն և դրանց ամփոփիչ քննությունների հանձնում.
- ապրանքները բաց թողնելու համար հիմք հանդիսացած՝ կոմիտեի սահմանած քանակի ապրանքների հայտարարագրերի ներկայացում։
Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով։
Այսպիսով, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորները հատկացվում են հետևյալ դեպքերում և քանակով։ Մասնավորապես, որակավորումը պահպանելու համար տարեկան միավորների բավարար քանակը 100 միավորն է։ Այսպես՝
1) մաքսային ձևակերպումների մասնագետի կողմից տվյալ տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար, որի հիման վրա տեղի է ունեցել ապրանքների բացթողում, տվյալ մասնագետին հատկացվում է 0.5 միավոր.
2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար տվյալ մասնագետին հատկացվում է 20 միավոր.
3) տվյալ տարում մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տվյալ մասնագետին հատկացվում է 2.3 միավոր:
Հիշատակված միավորների հատկացման պայմաններն են՝
1) էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ տարվա ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացրած բոլոր մաքսային հայտարարագրերի քանակի մեջ այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ տվյալ մասնագետի նկատմամբ, մաքսային իրավախախտում (մաքսային կանոնների խախտում) թույլ տալու համար, նշանակվել է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց, կազմում են տասը տոկոսից ոչ ավելի.
2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ մասնագետը ներկա է եղել տվյալ դասընթացի բոլոր դասաժամերի առնվազն 95 տոկոսին.
3) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ քննության ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետը ճիշտ է պատասխանել քննական բոլոր հարցերի առնվազն 60 տոկոսին:
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ, կազմակերպում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց։ Հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ին, որի մասին հայտարարությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում: