Անցումը պատմական Հայաստանից իրականին տեղի է ունենում հենց հիմա ու հենց այսօր՝ խորհրդարանում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատմական ու իրական Հայաստանի թեման առանցքային է եղել վարչապետի շուրջ մեկ ժամանոց ելույթում։ Նիկոլ Փաշինյանը  խորհրդարան էր գնացել՝ կառավարության գործունեության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքները ներկայացնելու։ Վարչապետը խոսել է սահմանազատման գործընթացից, բրյուսելյան հանդիպման առաջացրած սպասումներից, անդրադարձել է նաև հայ–ռուսական հարաբերություններին։ Դրանք լավագույն ժամանակները չեն ապրում՝ ասել է վարչապետը։

Պատմական Հայաստանը մի շարք երկրների հետ թշնամանքի հարատև երաշխիք է, հետևաբար՝ նախ ինքներս պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ իրական ու պատմական Հայաստանի ցավոտ սահմանազատմամբ․ խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, սակայն, որ իրական Հայաստան ունենալը անվտանգության երաշխիքներ չի ապահովում։

Երևանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղերի հատվածներից ՝ ասում է վարչապետը՝  հավելելով , սակայն, որ այդ գործընթացը  Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում ից չի ապահովագրում։

«Այս է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ-ի Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից։ Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր.  Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է, արդյոք, անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակական մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք։ Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա  արդյունքների իրագործումը երաշխավորու՞մ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի՛ երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։ 

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին։ Ձևակերպեց՝ դրանք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության ու տնտեսության համար դժվար է թերագնահատել:

«Այսօր մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել: Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են: Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ»։

Պարզաբանելով, թե ինչ և ինչու է հիմա տեղի ունենում այդ հարաբերություններում, Նիկոլ Փաշինյանը գնահատում է՝ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների: 

«Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան մեր ներքին տրանսֆորմացիան՝ պատմական Հայաստանից-իրական Հայաստան: Պետք է ամեն բան անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք: 2018-ի մայիսին իմ և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը հետևյալն է, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության»։   

Փաշինյանի այս հայտարարությանն, ի դեպ, արդեն արձագանքել են Կրեմլից։ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է և դաշնակիցը, դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելել՝ հուսով են, որ տեսանելի ապագայում Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում առակա խնդիրները կկարգավորվեն երկկողմ աշխատանքային երկխոսության շրջանակում:

Խորհրդարանում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերություններին։ Հայաստանը դրանք չի հակադրում տարածաշրջանային հարաբերություններին ՝ ասել է վարչապետը և վստահեցրել, որ, օրինակ, Իրանի հետ մեր հարաբերությունները չենք հակադրում Արևմուտքի հետ հարաբերությունների։ Խոսելով բրյուսելյան  հանդիպման մասին՝ վարչապետն արձանագրել է՝  հանդիպումն այն մասին չէ, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները գալու են, լուծեն Հայաստանի խնդիրները։

«Մեզանում երբեմն արհեստական, բայց երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները։ Մեր խնդիրների լուծման մեթոդաբանության մեջ հետևյալ փոփոխությունն է պետք կատարել՝ արձանագրել և ամրացնել այն գիտակցումը, որ մեր խնդիրները, մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք մի պարզ պատճառով, որ դրանք մեր խնդիրներն են»։

Վաշինգտոնի և Բրյուսելի  հետ ամբողջ օրակարգը  3 էջանոց փաստաթուղթ  է, որտեղ նշված են համագործակցության ոլորտները՝ միջուկային էներգետիկայից, ավիացիայից, մինչև գյուղատնտեսություն։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ունեն այդ տեխնոլոգիաները մեզ աջակցելու՝ շեշտեց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ՝ հայ–թուրքական հարաբերություններն այսօր «սպասման ռեժիմում են»։ Հայաստանը սպասում է ձեռք բերված և արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը։ Հայ-թուրքական սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի՝ գնահատեց վարչապետ Փաշինյանը։ Հստակեցրեց, որ տվյալ դեպքում խոսքն ավելի շատ  ԵՄ-Հայաստան-Թուրքիա, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն