Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է
Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ՍՊ ընկերության ներկայացուցիչները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վ․Մ․–ի մարմնի տարբեր հատվածներին։
Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Կոտայքի մարզի ևս երեք բնակչի և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան:
Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո Կոտայքի մարզի 4 բնակիչներ, այլ անձանց հետ, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաև այլ ավտոմեքենաների երթևեկությանը:
Այնուհետև, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ձայնային ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ:
Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթևեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի հիշյալ 4 բնակիչներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նաև դեպքի մի շարք հանգամանքներ լիարժեք պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: