Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։

«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Կիրանցից քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահասներին, բերման ենթարկելու մասին։ Տեղեկություններ էին տարածվել, որ մարդկանց ծեծելով են տեղափոխել ոստիկանական բաժանմունքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցից 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին:

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Կիրանցի հատվածում իրականացվում է ականազերծում, ոստիկանությունն էլ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ նշված գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն