Այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոսեց Աղետի գոտում կրած վնասների մասին:

«Մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում՝ աշխատանքի, կուզեի առանձնացնել, որ Փրկարար ծառայությունը շուրջ 1419 փրկարար է ներգրավել աշխատանքներում, ներգրավված են եղել բազմաթիվ շինարարական ընկերություններ, կազմակերպություններ, կամավորներ և այլ կառույցներից գործընկերներ»,- ասաց նա։

Աղետի օրերին տարհանվել է 443 բնակիչ, ունենք չորս զոհ։

Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունեն, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որի պատճառով շատ տեղերում ճանապարհը միակողմանի էր եթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում։

Սանոսյանի խոսքով՝ կա վնասված 24 կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չեն։

Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում,  Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով։

19 գազատար է վնասվել, վնասների հետևանքով մոտ 19 հազար բնակիչ գազ չուներ, հիմա քիչ հատվածում է, որ դեռ գազ չկա, մոտ 30 մարդ է այդ հատվածում ապրում։

Էլեկտրամատակարարման առումով 56 տարբեր տեսակի վնասներ են եղել, 17 հազար մարդ լույս չի ունեցել, հիմա շատ քիչ թվով մարդիկ կան, որ լույս չունեն, հիմնականում, Քարկոփի առաջին հարկի բնակիչները։

«Մեծ աշխատանք է տարվում վնասների գույքագրման առումով, մինչև այս  պահը կազմվել է 921 արձանագրություն, ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, ունենք 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ են եղել»,- նշեց Գնել Սանոսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն