Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի. Գևորգ Պապոյան
«Համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության և, հատկապես, տեխնոլոգիաների ոլորտում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը»,- ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի հետ հանդիպման ժամանակ:
«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Մեքսիկայի հետ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2.3 մլն ԱՄՆ դոլար, և, իմ կարծիքով, առկա է չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել և իրացնել»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտների թվում նախարարը մատնանշել է, մասնավորապես՝ հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները։
Նախարարը հյուրերին ներկայացրել է երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։