ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Անդրեևիչ Ալիխանովի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Գրուզդևը։

Նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

«Այսօր մենք իրական հնարավորություն ունենք քննարկելու մեր հարաբերությունները, համագործակցությունը և մեր երկրների զարգացման հեռանկարները տնտեսության և արդյունաբերության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, որն ապահովում է ապրանքների ներմուծման և արտահանման զգալի մասը։ Մենք տեսնում ենք, որ թվայնացումը, նորարարական տեխնոլոգիաները և կայուն արտադրությունը դառնում են ապագա արդյունաբերական զարգացման հիմքը։ Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ, ստեղծենք բարենպաստ միջավայր նորաստեղծ ձեռնարկությունների և փոքր բիզնեսի զարգացման համար՝ ապահովելու մեր տնտեսությունների կայուն աճը»,- ասել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և դեղագործական ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի և «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությանը և հետագա աշխատանքները շարունակելուն։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն