Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը։ Համայնքը տարին երկու անգամ է անցկացնում նման հանդիպումներ, որոնց հրավիրվում են 44 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչները։

Գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիան։ Աշխատանքները, ըստ էության, միտված են նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Պրահայում, Քիշնևում և Գրանադայում։ Դրանք շրջադարձային են եղել Հայաստանի արտաքին քաղաքականության և արցախյան ու հայ-ադրբեջանական բանակցային գործընթացների վրա։

Թեև այս տարի գագաթնաժողովի առանցքային թեմաներն են Ուկրաինայի հակամարտությունը, էներգետիկ անվտանգությունը, միգրացիան, բայց գլխավոր ինտրիգներից մեկը հենց սկզբից դարձել է Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականությունը։

Այն պահին, երբ 40-ից ավելի պետությունների ղեկավարները ժամանում էին բրիտանական Բլենհեյմ պալատ և Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը դեռ չէր սկսվել, ադրբեջանական կողմն անցավ նախահարձակ քայլերի՝ հայտարարելով «խաղաղության օրակարգից» Հայաստանի նահանջի մասին։ Ադրբեջանական կողմը շտապեց պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Իլհամ Ալիևի հետ հանդիպելու իրենց առաջարկից։

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարությունը պարզաբանում է՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպման առաջարկը հայկական կողմի նախաձեռնությունն է եղել, որը ադրբեջանական կողմը մերժել է։ Ըստ արտգործնախարարության հաղորդագրության՝ «հայկական կողմը վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Մինչև պալատ մտնելը, լրագրողները հասցրել են Փաշինյանին և Ալիևին նույն հարցն ուղղել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ․ Հայաստանի վարչապետը չի պատասխանել, Ադրբեջանի նախագահը բութ մատն է վեր պարզել։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ոչ ֆորմալ այս գագաթնաժողովից ուռճացված սպասելիքներ պետք չէ ունենալ՝ հաշվի առնելով նախորդ հանդիպումների փորձը։



Նա վստահ է, որ տարբեր պատճառներից ելնելով, Ալիևին ոչ մեկը չի հիշեցնի, օրինակ, Գրանադայի հնգակողմ բանակցությունների բոյկոտը․

 «Ո՞ւմ է հետաքրքիր հիշեցնել Գրանադան։ Գրանադայից անցել է մի քանի ամիս, մենք տեսե՞լ ենք արդյոք, որ Ալիևը ինչ-որ խնդիր ունեցած լինի այդ տեսանկյունից։ Հակառակը՝ ես կարծում եմ, Գրանադայի դերակատարներն իրենք էլ գոհ էին, երևի թե, որ Ալիևը չմեկնեց, որովհետև, եթե մեկներ՝ ի՞նչ էին անելու այնտեղ, ի՞նչ համաձայնություն էր լինելու։ Ոչ մի։ Ադրբեջանին որևէ կերպ, որևէ բան պարտադրել չէին կարողանալու, և պետք է Հայաստանին ինչ-որ բան համոզեին, ինչ-որ արդյունք ստանալու համար։ Այնպես, ինչպես գործնականում եղել է 2022 թվականին, այս նախաձեռնության առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Այդ հանդիպումից հետո Հայաստանը փաստորեն մնաց իր համաձայնությունների պատասխանատվության տակ, իսկ Ադրբեջանը այդպես էլ որևէ պատասխանատվություն չստանձնեց, թեկուզ այդ Ալմա-Աթայի հռչակագրի առնչությամբ, որ քննարկվել էր Պրահայի հանդիպմանը։ Այսինքն՝ մենք դեռ առաջին գագաթնաժողովից տեսնում ենք, որ Ադրբեջանի համար դա այդքան էլ խնդրահարույց հարթակ չի եղել, և ավելին՝ այնտեղ Բաքուն կարողացել է ստանալ իր համար ցանկալին»։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այս անգամ Բաքուն, հնարավոր է՝ հիմքեր ունի կարծելու, որ լոնդոնյան հարթակում որևէ փաստաթուղթ ստորագրել նախատեսված չէ։

«Շատ հնարավոր է, որ եթե պահպանվեն այն հակասությունները, որոնք գոյություն ունեն այսօր, միգուցե, միայն կարձանագրվեն Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները խնդիրների վերաբերյհալ։ Ադրբեջանը ամեն դեպքում պատկերացնում է, որ դա հերթական ամբիոնը կարող է դառնալ իր համար, որպեսզի հնչեցնի անհրաժեշտությունը Հայաստանի Սահմանադրության փոփոխության և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք բանակցային գործընթացում արտահայտում են Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը։ Դա կնշանակի, որ բանակցային գործընթացը, ինչպես և այսօր, փաստորեն, սառեցված վիճակում կգտնվի և առաջընթաց դեպի «Խաղաղության պայմանագիր» չի լինելու, և, ընդհանրապես, հայ-ադրբեջանական հակամարտությունը Եվրոպական քաղաքական համայնքի առաջնահերթությունների ցանկից կարող է և դուրս մղվել»։

Լոնդոնյան հարթակի ինտրիգը մեզ համար միայն Փաշինյան-Ալիև հանդիպումը չէ, համոզված է Հակոբ Բադալյանը։ Նա խոսում է բոլորովին այլ հարցի մասին, որն առնչություն չունի հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Արդյո՞ք Բրիտանիա այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ֆորմալ կամ ոչ ֆորմալ, հրապարակային կամ ոչ հրապարակային հանդիպում կունենա բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ․ Բադալյանի կարծիքով՝ սա ավելի ինտրիգային հարց է։



«Արդեն երկու անգամ եղել է այդպիսի հանդիպում։ Եթե օրինակ, 2022-ի դեկտեմբերին Մուրն էր այցելել Հայաստան, և Նիկոլ Փաշինյանը ընդունել էր նրան, ապա 2024-ի փետրվարին արդեն տեղի ունեցավ հանդիպում բավական արտառոց ձևաչափով։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Մուրի հետ։ Սա ինչո՞վ է արտառոց, որովհետև, երբ որևէ այլ միջազգային ձևաչափում, միջազգային կոնֆերանսում տեղի է ունենում որևէ պետության ղեկավարի և այլ պետության հետախուզության պետի հանդիպում, սա անկասկած, սովորական չէ, և մենք տեսնում ենք, որ այդ ոչ սովորական հանդիպումը Մյունխենում եղել է։ Եթե այդ մակարդակի շփումներ կան, ապա նշանակում է, որ կան շատ գործնական քննարկումներ, որոնք առնչվում են առնվազն այն հարցերին, որոնք Բրիտանիայի հետախուզության տեսադաշտում կարող են լինել։ Ինչպիսի հարցեր կարող են լինել Բրիտանիայի հետախուզության տեսադաշտում՝ դժվար չէ պատկերացնել աշխարհաքաղաքական դիմակայության մեջ»։

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի աշխատանքները Լոնդոնում կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը։ Նիկոլ Փաշինյանի նախապես ծրագրված երկկողմ հանդիպումները արդեն սկսվել են։ Առաջին առանձնազրույցը տեղի է ունեցել Նիդերլանդների նորընտիր վարչապետի հետ։ Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն