Թրամփը Հարիսի դեմ պայքարում ստիպված կլինի աշխարհի կեսի դեմ կռիվ տալ․ քաղաքագետ
Դժվարին պայքար է սպասվում Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Թրամփին Հարիսի դեմ պայքարում, համոզված են փորձագետների մեծ մասը։ Եթե մինչ այժմ Թրամփի մարտավարությունը կառուցված էր Բայդենի «անկենսունակությունը» ի ցույց դնելու վրա, ապա հիմա նա ստիպված է լինելու փոխել ընտրապայքարի ողջ մարտավարությունը։ Փորձագետները նկատում են, որ Քամալա Հարիսը մեծ աջակցություն ունի աշխարհում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս ընտրապայքարից, իր տեղը զիջելով այս ընտրություններում փոխնախագահ առաջադրված Քամալա Հարիսին։ Հարիսն էլ շտապել է հայտարարել է, որ պատրաստ է որպես նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից ու հաղթել հանրապետական Դոնալդ Թրամփին։
Թրամփի դեմ մահափորձը խառնեց խաղաղքարտերը և փոխեց ընտրությունների ընթացքը։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը կատարվածը բացատրում է ԱՄՆ օլիգարխիայի, կամ այսպես ասած՝ կառավարող էլիտայի հաշվարկների համատեքստում։
Նա կարծում է՝ գուցե Ռուսաստանից եկող միջուկային սպառնալիքն է ստիպել մրցապայքարից հեռացնել պայմանավորվելու անընդունակ Ջո Բայդենին․
«Ոնց որոշի ԱՄՆ օլիգարխիան, այդպես էլ կարվի, ու այդ մարդն էլ կդառնա ԱՄՆ նախագահ։ Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք այնքան հասունացել է ԱՄՆ օլիգարխիան, որ ԱՄՆ անվտանգության համար գնա ՌԴ հետ պայմանավորվածությունների։ Հիմա այդ փնտրտուքն է գնում ԱՄՆ-ում՝ արդյո՞ք շարունակեն կոնֆրոնտացիան ՌԴ հետ, թե՞ փորձեն գնալ ՌԴ հետ պայմանավորվածության, բայց դեմքը փրկելով։ Հիմա պայքար է տեղի ունենում, երևի գնահատում են նաև Կուբայում հայտնված ռուսական ռազմական նավերի ներկայության հարցը, ինչը ևս ազդում է, որ ԱՄՆ դեպի ՌԴ պայմանավորվելու ուղղությամբ թեքվի»։
Կառավարող էլիտային մինչ այժմ անհրաժեշտ էր նախագահ, որն ընդունակ չէր արագ պայմանավորվելու, և 81-ամյա Բայդենը հարմար նախագահ էր այդ առումով, կարծում է Հայկ Այվազյանը։ Սակայն միջուկային զենքի ռեալ սպառնալիքի պայմաններում ԱՄՆ մոտեցումնները, ամենայն հավանականությամբ, կփոխվեն, ինչի ականատեսն ենք գուցե հիմա։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ ԱՄՆ նախագահական ընտրապայքարի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները լինեն մտածված մարտավարական հնարքներ:
«Ի վերջո, միթե՞ տեսանելի չէր դեռ ամիսներ առաջ, գուցե նույնիսկ Բայդենի նախագահության առաջին ժամկետի արդեն կեսից հետո, որ նա ի վիճակի չէ լինել մրցունակ թեկնածու, եթե նույնիսկ Թրամփի փոխարեն հանրապետականներն ընտրեին շատ, թե քիչ բարվոք այլ թեկնածուի: Երբ պարզ էր, որ Թրամփն է թեկնածուն, առավել քան ակնառու էր, որ Բայդենը իր ներկայիս վիճակով ուղղակի ենթակա է լինելու «խժռման»:
Այդպիսով, ըստ վերլուծաբանի, Թրամփին փաստորեն թելադրվեց մի իրականություն, որին համարժեք նա կառուցեց իր նախընտրական մարտավարությունը, հռետորաբանությունը, շեշտադրումները որի հիմքում կարծես թե Բայդենի «անկենսունակությունը» շեշտադրելն էր։ Դա, Բադալյանի համոզմամբ, ուղղակի անվիճարկելի էր անգամ հավատավոր դեմոկրատների համար: Այսպիսով, ստացվում է, որ Թրամփի անվրեպ թվացող մարտավարությունը կանգնում է ժամանակավրեպ դառնալու վտանգի առաջ և նրա համար մարտահրավերն, իսկապես, առկա է:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն ընտրապայքարը Հարիսին զիջելու Բայդենի որոշումը իմաստուն քայլ է համարում։ Նա Բայդենին իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է համարում, որը լուրջ ճանապարհ ունի անցած: Սարգսյանը գրում է՝ եթե Բայդենը ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, ԱՄՆ պատմություն լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:
«Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր և, եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլ կերպ կհիշեին: Ի դեպ, Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:
Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու: Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի»:
Կփոխվի՞ արդյոք ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի կամ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հանրապետական Թրամփի կամ դեմոկրատական Հարիսի ընտրվելու պարագայում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով, հանրապետականների համար Հարավային Կովկասը ոչ միայն առաջնահերթություն չէ, այլև գլխացավանք է․
«Այո, հանարապետականների համար Հարավային Կովկասը առաջնահերթ չի դիտարկվում, առավել ևս հանրապետականների այն թևի համար, որ պայմանականորեն անվանում են թրամփական թև։ Իրենց համար Հարավային Կովկասը միայն գլխացավանք է, ինչը ապացուցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ վարքագծով։ Բավականին մեծ մարտահրավեր է մեզ համար ԱՄՆ վարչակազմի հնարավոր փոփոխությունը»։
Մեծ հաշվով, ով էլ լինի ԱՄՆ նախագահ, կանի այն, ինչ կորոշի կառավարող էլիտան։ Վերլուծաբան Հայկ Այվազյանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների առումով խոշոր հաշվով ոչինչ չի փոխվի, ով էլ լինի ԱՄՆ նախագահը․
«Մեծ հաշվով ոչինչ չի փոխվի, Հայաստանը կշարունակվի դիտարկվել որպես ՌԴ վնաս հասցնելու գործիք»,-ասում է Հայկ Այվազյանը։
«Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը և միավորելու մեր երկիրը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,-շտապել է հայտարարել Քամալա Հարիսը։
Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ իրեն առաջադրելու համար և նշել է, որ 106 օր է մնացել մինչև ընտրությունները և պետք է այնպես պայքարել, որ հաղթանակ գրանցվի։
Այս տարվա նոյեմբերի ընտրություններում հաղթելու դեպքում 59-ամյա Քամալա Հարիսը կդառնա առաջին կին նախագահը ԱՄՆ պատմության մեջ։