Ավելացնել ներքի՞ն, թե՞ արտաքին պարտքը
Արտաքին պարտքի փոխարեն ավելանում է ՀՀ ներքին պարտքը։ Փորձագիտական դաշտում սա դրական են գնահատում, նշում են, որ նվազեցնելով արտարժույթով պարտքի չափաբաժինը, փոխարժեքային ռիսկերի նկատմամբ պարտքն ավելի դիմակայուն է դառնում։ Բայց ներքին պարտքն էլ իր բացասական կողմն ունի։
2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ կառավարության ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/49,3 %): Ընդհանուր առմամբ, կառավարության պարտքն աճել է 3 %–ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կրճատվել է մոտ 8 %-ով: Ընդհանրապես կառավարությունը որդեգրել է ներքին պարտքի ավելացման քաղաքականություն։
Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյան․ «2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի պետական պարտքը կազմում է 4 տրիլիոն 719 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան 12 մլրդ 157 մլն ԱՄՆ դոլար։ Պետական պարտքի մասին խոսելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել պարտք–ՀՆԱ հարաբերակցությանը։ 2023 թ տվյալներով կառավարության պարտքը 48 տոկոսից մի փոքր ավելի է, չի խախտում հարկաբյուջեային ոսկե կանոնը՝ չի գերազանցում 60 տոկոսի շեմը»։
Տնտեսագետն ընդգծում է կիսամյակային արդյունքներից պարզ է դարձել՝ ներքին պարտքը գերազանցել է արտաքին պարտքը, միշտ հակառակն էր լինում։ Ներքին պարտքի չափը 20․7 տոկոս է ընդհանուր պարտքի մասնաբաժնում։
«Ներքին պարտքի ավելացումը դրական երևույթ է, քանի որ նվազեցնելով արտարժույթով պարտքի չափաբաժինը, այն նպաստում է փոխարժեքային ռիսկերի նկատմամբ պարտքի ավելի դիմակայուն լինելուն։ Բնականաբար արտարժույթի տատանումները հիմնականում խնդրահարույց են պետական պարտքի ներգրավման տեսանկյունից, հատկապես դրամի արժեզրկման պարագայում։ Եվ տվյալ ժամանակահատվածում վերցված պարտքի մարումը մյուս տարիներին պետական բյուջեի վրա ավելի է ծանրանում»։
Ներքին պարտքի ավելացումը նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանը՝ ընդգծում է տնտեսագետը։ Բայց և նկատում է՝ դա ունի նաև բացասական կողմ․
«Որպես կանոն ներքին պարտքի տոկոսադրույքների սպասարկման վճարներն ավելի բարձր են լինում, ի տարբերություն դրսից ներգրավված միջոցների»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ պարտք-ՀՆԱ հարաբերկացությունը 2023 թվականին եղել է 5.2 %․ «Վերլուծություն ենք արել պարտք-ՀՆԱ օպտիմալ շեմերը վերագնահատելու համար և հանգել ենք այն եզրահանգման, որ գործող 40%, 50% և 60% պարտքի բազմամակարդակ շեմերի համակարգը շարունակում է արդի մնալ»։ Պետական պարտքի կայունությունն պահպանելու համար շարունակվել է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման կառուցվածքում դրամով փոխառությունների խթանման գործընթացը»։
7.15 % եկամտաբերությամբ 500 մլն դոլար ծավալով 2025 թվականի մարման եվրոպարտատոմսերից կատարվել է շուրջ 187 մլն դոլարի պարտատոմսերի հետգնում։ Դրանով կառավարությունը փորձել է վերաֆինանսավորման ռիսկը նվազեցնել։
Արտաքին աղբյուրներից վերցված վարկերի ծավալը նվազել է՝ փոխարենն ավելացնելով պետական պարտատոմսերը. հայկական դրամով պարտատոմսերը 2024 թ. առաջին կիսամյակում կազմել են 49,2 %, արտասահմանյան վարկերը` 37,2 %, եվրապարտատոմսերը` 13,4 %: Օտարերկրյա վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կրճատվել է մոտ 5 %–ով և կազմում է ՀՀ կառավարության ընդհանուր պարտքի մոտ 40 %–ը։
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը նկատում է․ «Մենք ավելի շատ պետք է մտահոգվենք ոչ թե պարտքի ավելացմամբ, այլ նրա կառավարման մասով, ինչպես է կառավարվում։ Առայժմ սահմաններին մոտեցել է, բայց դեռևս կառավարելի է»։
2024-ի առաջին կիսամյակում օտարերկրյա վարկատուների կառուցվածքն էապես չի փոխվել` ամենամեծ վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը (37,8 %)։ Բանկի տված վարկերի պորտֆելում աստիճանաբար նվազում է արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը, քանի որ Հայաստանը, ըստ միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափանիշների, արդեն չի համարվում արտոնյալ վարկի կարիք ունեցող երկիր։
Հայաստանի վիճակագրության մեջ արտացոլված արտոնյալ վարկերը հիմնականում վերցվել են մինչև 2020–21 թթ., որոնք աստիճանաբար մարվում են։
Այլ վարկատուների թվում Ասիական զարգացման բանկի մասնաբաժինը այս տարվա 1–ին կիսամյակում կազմել է 19,6 %, Եվրոպական զարգացման բանկի, ներառյալ` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասնաբաժինը՝ 8,3 %, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնաբաժինը՝ 5,3 %, Եվրոպական ներդրումային բանկի մասնաբաժինը՝ 3,2 %:
Մյուս 4 կազմակերպություններին` ՕՊԵԿ–ին (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), Եվրամիությանը, IFAD–ին (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) և ՎԶԵԲ–ին բաժին է ընկնում վարկերի ընդհանուր առմամբ 5,6 % մասնաբաժին։ Ի դեպ, ՎԶԵԲ–ը, բացի կառավարությունից, մեծ ծավալներով վարկավորում է նաև մասնավոր բիզնեսը։
Ինչ վերաբերում է այլ պետություններից ստացված վարկերին, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 19,9 %, ապա ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին` 6 %, որին հաջորդում են Ֆրանսիան` 5,4 %, Գերմանիան` 5 % և Ճապոնիան` 2,8 %: