Երևանում՝ Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նոր թաղամաս կամ 5 բազմահարկ շենք է կառուցվում։ 35 հարկանի երկնաքերների գրաֆիկական պատկերները հայտնվել են համացանցում ու անհանգստության, հերթական քննադատության առիթը դարձել։

Մասնագիտական ու քաղաքացիական հասարակության անդամները կառուցապատումն անընդունելի, վտանգավոր ու մայրքաղաքին անհամապատասխան են համարում, մինչդեռ կառուցապատումն իրականացնող Renshin ընկերությունը պնդում է՝ բոլոր ռիսկերը հաշվարկված են, իսկ կառուցվող թաղամասը մայրաքաղաքի նոր խորհրդանիշը կդառնա։

Երևանը 35 հարկանի 5 նոր խորհրդանիշ կունենա․ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերներ կառուցող Renshin ընկերությունը խոստանում է՝ մայրաքաղաքի համար նոր սիմվոլներ կառուցել, մինչդեռ քաղաքացիական հասարակությունը, հարևանությամբ ապրողներն այլ կարծիքի են․ ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը նախագիծը նախ և առաջ վտանգավոր է համարում։



ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյան

«Նման խոշոր նախագիծը, որը մի փոքր բնակավայրի չափ բնակչություն է ունենալու, պետք է շատ լայն ու խորը, բազմակողմանի քննարկումներ անցներ, նոր միայն ամպագորգոռ հայտարարվեր դրա մասին․ ասում են՝ նոյեմբերից էլ արդեն տներն են վաճառվելու․ կարծում եմ՝ սա Երևանի համար վտանգավոր նախադեպ է»։

Շուրջ 35 հազար քառակուսի մետր տարածքում 35 հարկանի 5 շենք վեր կխոյանա արդեն 2026-ի վերջին։ Skyline թաղամասը քաղաք է քաղաքի մեջ՝ ասում են ընկերությունում ու վստահեցնում՝ սա այն է, ինչ պետք է Երևանին։



«Դրա անհրաժեշտությունը բնավ չկա։ Այդ տարածքը Երևանի գլխավոր հատակագծով բնակելի շենք կառուցելու համար նախատեսված չի, դա առողջապահության գոտի է, դա Հրազդանի կիրճի բաղկացուցիչ հատված է, իսկ 5 հատ 35-հարկանի շենքը աղավաղելու է Հրազդանի ձորի բնական կենսապատկերը և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող գոտի է հայտարարում»,-հակադարձում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Ճարտարապետը նաև մեկ այլ խնդրի վրա է ուշադրություն հրավիրում․ կառուցապատման ենթակա տարածքում է գտնվում նաև զինվորական հոսպիտալի նախկին շենքը, որը նրա կարծիքով, ոչ պակաս հուշարձան է ու հատուկ պահպանության կարիք ունի։ Կառավարությունը դեռ տարիներ առաջ էր օտարել շենքը, պարտադիր պայմաններից մեկը շենքը փոփոխությունների չենթարկելն էր։ Կառուցապատող ընկերության կառավարման խորհրդի անդամ, օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը վստահեցնում է․

«Մեր ընկերության ռազմավարական որոշումն է եղել գոյություն ունեցող շենքը պահպանելը և այն վերաիմաստավորելը»։



Մտահոգություններից մեկն էլ նոր կառուցվող թաղամասի սեյսմակայունությունն է․ սեյսմիկ առումով անկայուն գոտում՝ Երևանում կառուցվում են 35 հարկանի շենքեր, այլ էլ ձորի եզրին։ Սարհատ Պետրոսյանը նկատում է՝ սա լրացուցիչ ռիսկ է, որը պետք է հաշվի առնել։ Renshin ընկերությունում, սակայն, վստահեցնում են, ոչ միայն հաշվի են առել ռիսկերը, այլև բարձր սեյսմակայություն ապահովող կոնստրուկցիան և ինժեներիան նախագծվել է միջազգային հեղինակավոր ընկերության կողմից։ Ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ աշխարհի տարբեր սեյսմիկ ակտիվ գոտիներում նման բարձրահարկեր նախատեսվել ու վաղուց կառուցվել են։

«Մեր ընկերությունն այս նախագծի համար վարձել է լավագույն ամենախոշոր և ամենահին ինժեներական ընկերություններից մեկին, որի պորտֆելում կան աշխարհի ամենատարբեր վայրերում կառուցված ամենաբարձրահարկ շենքերը»։

Ընկերությունում վստահեցնում են՝ Երևան են բերում միջազգայն լավագույն փորձն ու ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրում։ Բացի այդ, փորձում են բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը։ Լևոն Կասպարովը մեզ հետ զրույցում նաև կառուցվող թաղամասի ճարտարապետական լուծումների շուրջ քննադատությանն է արձագանքում։



«Ճարտարապետական ոճը, իհարկե, միշտ վիճելու առիթ է եղել ամբողջ աշխարհում, քանի որ ճաշակին ընկեր չկա, բայց ամեն դեպքում աշխարհում այդպիսի քաղաք չկա, որտեղ առկա է միայն մեկ ճարտարապետական ոճ, ընդ որում, գրեթե բոլոր քաղաքներում այդ ոճերը համադրվում են և բավականին մեծ հաջողությամբ»,-ասում է Renshin ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

Քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհուրդն այս նախագծին դրական եզրակացություն է տվել․ խորհրդի անդամ ճարտարապետ Լևոն Վարդանյանն ասում է՝ քաղաքը զարգանում է, և պետք է դրան համահունչ քայլել։

«Աշխարհի քաղաքների 90 տոկոսը գնում է ուղղահայաց զարգացման, դա բնական իրավիճակ է։ Երևանը չէ, որ սկսել է ուղղահայաց կառուցապատում իրականացնել, ամբողջ աշխարհում է այդպես։ Դա իրականացնում են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Փարիզը, Լոնդոնը, Բարսելոնան, այսինքն՝ ճարտարապետական լուրջ ժառանգություն ունեցող քաղաքներ, որոնք հուշարձանային ճարտարապետության միջավայրում ուղղահայաց կառուցապատման են դիմում։ Ես գտնում եմ դա նորմալ է։ Դրա դիմացն առնել չի լինի»։



Ճարտարապետ Լևոն Վարդանյան

Մայրաքաղաքն իր դիմագիծն է կորցնում։ «Ժամանակակից» ճարտարապետությունն իր հետ բերում է նաև անդեմություն՝ նկատում է քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանն ու արձանագրում․ որքան մեծանում են կառուցապատման ծավալներն, այնքան խախտվում են թույլատրելիի սահմանները։

«Երբևիցե մեր մասնագիտական ու քաղաքացիական հասարակությունը այսքան թույլ չի եղել, այսքան այդ ձայնը անազդեցիկ չի եղել։ Ե՛վ քաղաքային, և՛ պետական իշխանությունները ո՛չ քաղաքացիական հասարակությանն են լսում, ոչ էլ մասնագետներին։ Իմ կարծիքով, սա շատ վտանգավոր է, որովհետև ծավալները շատ են մեծացել, եթե համեմատենք ներկայիս շինարարության ծավալները նախկինի հետ, 10-պատիկ ավելի շինարարություն է ընթանում, ու նույնքան ավելի շատ սխալներ են գործում։ Եվ մենք որևէ ազդեցությւոն չենք կարողանում ունենալ այդ ընթացքիկ վրա»,-կարծում է ճարտարապետը։

Մեկ հեկտար կանաչ տարածք, բիզնեսի, ժամանցի, հանգստի գոտիներ, կինոթատրոն ուսումնական կենտրոններ, այդ թվում՝ միջազգային դպրոց, բժշկական կլինիկա․ այս ամենն Օրբելի փողոցում կլինի արդեն 2026-ի ավարտին․ մտահոգություններին ու քննադատություններին ի պատասխան, կառուցապատող ընկերությունը շարունակում է պնդել՝ թաղամասը Երևանի համար անհրաժեշտություն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն