Աղմկոտ ձերբակալություն՝ փոխադարձ մեղադրանքներով․ կողմերը սպասում են փորձաքննության արդյունքներին
Ոստիկանության պարեկային ծառայողնեի մասնակցությամբ վերջին աղմկոտ իրադարձությունը մեկ շաբաթվա վաղեմություն ունի։ Օգոստոսի 1-ին ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար պարեկները մոտեցել են մեքենայի սեփականատիրոջը՝ Արամ Երիցյանին։
Նա ասել է, որ ինքը չի եղել ղեկին, ոստիկանները փորձել են խուզարկությամբ գտնել մեքենայի բանալիները, ապա՝ կասկածել են, որ Երիցյանը ալկոհոլ է օգտագործել և ունի կտրող-ծակող գործիքներ։ Պարեկներն առաջարկել են միասին գնալ ոստիկանության մոտակա բաժին։ Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ Արամ Երիցյանը համաձայնել է գնալ, բայց առանց ձեռնաշղթաների․
«Պարեկները հատուկ միջոցներ են կիրառել՝ ձեռնաշղթա, ինչին եղբայրս չի համաձայնել, արդյունքում նրա նկատմամբ կիրառվել է բռնություն և, արդեն գետնին ընկած վիճակում, արցունքաբեր գազ՝ շատ մոտ 1-3 սմ հեռավորությունից կիրառելուց հետո նրան հագցրել են ձեռնաշղթաներ և տեղափոխվել բաժանմունք, բռնության հիմնական գործողությունները տեղի են ունեցել հենց ոստիկանության բաժանմունքում, առաջին հարկից մինչև երկրորդ հարկ բարձրացրել են քաշելով»։
Ռոման Եիցյանը հեռախոսային հաղորդագրությունից է տեղեկացել կատարվածի մասին, զանգել է ՄԻՊ գրասենյակ։ Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանի խոսքով՝ արագ արձագանքման խումբն իր հանձնարաությամբ գնացել է ոստիկանություն․
«Ահազանգ ենք ստացել, անմիջապես ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, տեղեկացրել ենք, քանի որ դրա վերաբերյալ տեղեկությունը բացակայում էր»։
Ահազանգողը՝ Ռոման Երիցյանը, պնդում է՝ եղբորն ինքն է գտել առանց պաշտպանի գրասենյակի օգնության։
Ասում է՝ նաև ապացույցներ ունի, ձայնագրել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ իր բոլոր խոսակցությունները․ «Պաշտպանի աշխատակազմից որևէ մեկը ինձ տեղեկություններ չի տրամադրել եղբորս գտնվելու մասին, ահազանգից մոտ 25 րոպե հետո ես արդեն իրազեկվել եմ, թե որտեղ է եղբայրս, և էն ժամանակահատվածում, երբ արդեն գտնվում էի ոստիկանության բաժնում, և արդեն որպես փաստաբանի իմ մուտքը խոչընդոտում էին՝ ոստիկանության բաժին, ես կրկին ահազանգել եմ և ինքս տեղեկացրել, որ եղբայրս ոստիկանության Արաբկիրի բաժնում է»։
Երիցյանի հետ ոսիկանության բաժին են գնացել ևս 3 փաստաբաններ, նրանց մուտքը նույնպես արգելվել է։ Ուժայինները շենք մտնել չեն թույլատրել նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին՝ ասում է փաստաբանը․
«Մոտ չորս ժամ պարեկներն արգելում էին արագ արձագանքման խմբի մուտքը, ասում էին, թե ինչ անեն ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, օրինակ՝ սպասեք դրսում, դեռ չենք ավարտել․․․»։
Արամ Երիցյանը
Ժամը 23․00-ի սահմաններում փաստաբաններին ներս են հրավիրել։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հաստատում է, որ բերման ենթարկվածը, իսկապես, ունեցել է վնասվածքներ, սակայն առայժմ հայտնի չեն դրանց ծանրության աստիճանն ու դեպքի հանգամանքները, նշանակվել է փորձաքննություն և համապատասխան գրություններ ուղարկվել ՆԳՆ ու Գլխավոր դատախազություն․
«Հիմնական պահանջը պատշաճ քննություն իրականացնելն է եղել, որովհետև անձը փաստացի ունեցել է վնասվածքներ, առաջին կարևոր պահանջը, որ պատշաճ քննություն արվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, երկրորդ կարևոր հանգամանքը փաստաբանների մասնակցության կոմպոնենտն է, որտեղ մեր միջամտության արդյունքում խնդիը լուծվել է, բայց սա համակարգային խնդիր է, որը փորձելու ենք համակարգային եղանակով հասցեավորել»։
ՆԳՆ-ն ի պատասխան հայտարարել է՝ արդեն իրականացրել է ծառայողական քննություն և պարզել, որ պարեկային ծառայողները բռնություն չեն գործադրել, ընդհակառակը՝ Արամ Երիցյանն է հարվածներ հասցրել պարեկներին․
«Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Ռոման Երիցյանի խոսքով, սակայն, իր եղբայրը միայն պաշտպանվել է, իսկ դատարանը ոչ միայն մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը, այլև ձեբակալումը ճանաչել ոչ իրավաչափ։ Օգոստոսի 4-ին ազատ արձակված Արամ Երիցյանը կալանավորվել է նաև օգոստոսի 7-ին և ուշ երեկոյան դարձյալ ազատ արձակվել։ Ռոման Երիցյանն այս ամենը որակում է որպես պատասխան իր հասարակական ակտիվ գործունեության․
«Ես, օրինակ, պարեկային ծառայողների գործունեությունը միշտ էլ արաժանացնում եմ շատ կոշտ քննադատության և հնարավորինս հրապարակային հայտարարություններ եմ անում դրա վերաբերյալ, ինչի պատասխանն էլ ստացել եմ ոչ թե ես, այլ եղբայրս»։
Ոստիկանության ուժային գործողություններին ու դրանց գնահականներին անդրադառնալով՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասում է․
«Եթե բռնության դեպքեր լինում են, դրանք միանշանակ պիտի ոչ միայն դատապարտելի լինեն, այլ նաև պետք է պատշաճ քննություն իրականացնեն համապատասխան մարմինները, սա առաջնահերթ է, նաև միջազգային չափանիշն է՝ այս հարցերի վերաբերյալ հասցեավորում իրականացնելու։ Եթե պարզվում է, որ էստեղ կա էսինչ հանցակազմով մեղավոր անձ, նրան միանշանակ պետք է ենթարկել պատասխանատվության»։
Այժմ կողմերը սպասում են հարուցված քրեական գործի և ՄԻՊ գրասենյակի փորձաքննությունների արդյունքներին։ Անահիտ Մանասյանը վստահեցնում է, որ հետևողական են լինելու։