Երանոսում վնասվել է դպրոց, մանկապարտեզ, 56 տների պատերին ճաքեր են հայտնվել. ՆԳՆ խոսնակը՝ վերջին երկրաշարժի մասին
Օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարը ստեղծել է համատեղ հանձնաժողով, փրկարար ծառայության աշխատակիցները ևս այնտեղ են: Այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ, դրանք բնակելի տներ և կից շինություններ են: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է հետցնցումների և վնասների հետ կապված շուրջ 120 զանգ:
«Երանոս բնակավայրում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինություններում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են եղել ճաքեր, Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հիմնականում ուսումնասիրություններն իրականացվել են Երանոս գյուղում, սակայն, ըստ Նարեկ Սարգսյանի, կան տեղեկություններ, որ հարակից այլ բնակավայրերում նույնպես կան վնասներ, ճաքեր, և այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 02.02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում: