«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ժամը 10.30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Վարորդն ու ուղևորը` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 42-ամյա և 33-ամյա տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են գծային բաժին:
Նրանք ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: