Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ:

ՔԿ փոխանցմամբ, կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, մահացել է տեղում, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։ Իսկ վարորդը և 2 ուղևորներ, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝  5-ամյա դուստրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը՝ գնահատվում է ծանր։

Կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվել է դեպքի վայրի և վթարված ավտոմեքենաների զննություն: Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում:

Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ավտովթարի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ, անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն