44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին
Ավելի քան երկու տարի առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է: Այն ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերին փակ ձևաչափով․ հանրությանը փաստաթղթի բովանդակությունը հասանելի կլինի մասամբ, քանի որ այն գաղտնի տեղեկություններ է պարունակում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր վստահեցրել է, որ անձամբ իր համար պատերազմին վերաբերող հարցերի պատասխանները՝ պարտության պատճառների, դրանից խուսափելու հնարավորության և մեղավորների մասին, հստակ են։
44-օրյա պատերազմից անցել է 4 տարի, բայց հանրությունը դեռ չունի պատերազմի, պարտության, դրա պատճառների ու մեղավորների մասին հարցերի հստակ պատասխանները։ Շուրջ երկու այդ հարցերն ուսումնասիրած խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է։ Այն պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Մինչ այդ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանում է՝ անձամբ իրեն պարզ է այն անձանց շրջանակը, որը մեղավոր է 44-օրյա պատերազմի պարտության համար։ Հարցին, թե երկու տարի տևած աշխատանքի արդյունքում արդյոք ուրվագծվել են պատասխանատվության շրջանակաները, միանշանակ պատասխան է տալիս։
«-Այո։
—Կարո՞ղ եք բացել։
—Ոչ»։
Այս հակիրճ արձագանքից հետո հստակեցնող հարցերին ի պատասխան` Անդրանիկ Քոչարյանը պարզաբանում է․
«Կարող եմ ասել, որ մեր քննիչ հանձնաժողովը թե՛ քառօրյա, թե՛ 44-օրյա կարողացավ հիմնական պաշտոնյաներին բերել ԱԺ, լսել նրանց, կարդալ նրանց կողմից հաստատված բազմաթիվ փաստաթղթեր և ունենալ եզրակացություն»։
Նույն հարցի մասին այսօր խոսել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ո՞վ է մեղավոր 44-օրյա պատերազմի ու պարտության համար։
«Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, գործել է ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի եզրակացությունները ու համապատասխան եզրակացություններ կանենք։ Մենք ունենք մեր կարծքիը, բայց դրա մասին կարող ենք խոսել համապատասխան քրեական գործերի մասին տեղեկանալով և այդ հանձնաժողովի աշխատանքից հետո։ Ես քրեական գործերի մասին չեմ կարող մեկնաբանություններ տալ։ Կա հարուցված քրեական գործ, որի մասին հայտարարվել է և պետք է սպասենք այդ քրգործերի արդյունքներին»։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքը և չի մասնակցել նիստերին՝ հիմնավորմամբ, որ պատերազմի ընթացքում երկիրը ղեկավարած անձինք չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել։
Իշխանական պատգամավորներն էլ պնդում էին, որ պատերազմին նախորդած բանակցություններն էին, որ անխուսափելի դարձրեցին 44-օրյա պատերազմը, ուստի պետք է հանրայնացնել այդ գործընթացի դետալները, որպեսզի հանրությանը պարզ լինի իրական պատկերը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս Հանրային հեռուստատեսության եթերում ասում էր, որ 1.5 տարի փաստահավաք առաքելություն է իրականացվել։
«Պատճառները շատ բազմաբնույթ են ու բազմաշերտ, այն ինչ հնարավոր է եղել արձանագրել՝ արձանագրված է։ Ինչ հնարավոր չի եղել, այտեղ տալիս է համապատասխան մարմիններին՝ շարունակել փաստերի հիման վրա գործողություններ որոնք կտան ավելի խորքային արձանագրումներ»։
Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն, կներկայացվի ԱԺ-ում փակ ձևաչափով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կկարողանա ծանոթանալ մի քանի հարյուր էջանոց զեկույցի առանձին հատվածներին, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություններ է պարունակվում։
Քոչարյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատերազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մեկտեղելն էր։