Հինգ մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող՝ Թուրքիայի օդատիեզերական ընկերության (TUSAŞ) կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նրա խոսքով՝ հարձակման հետ, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ գրում է BBC-ն: Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվողներից երկուսը՝ տղամարդ և կին, սպանվել են:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողները ձեռնարկություն են ժամանել անվտանգության աշխատակիցների հերթափոխի ժամանակ։ Նրանք գործի են դրել պայթուցիկ սարք, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ TUSAŞ-ի շտաբի անձնակազմը շտապ տարհանվել է ապաստարաններ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ զրուցել է Ռեջեփ Էրդողանի հետ և հայտարարել, որ դաշինքը սատարում է Անկարային։ Հարձակումը դատապարտել են ԱՄՆ-ը, Գերմանիան և մյուս երկրները։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ներկայացուցիչները նույնպես դատապարտել են այդ գործողությունը՝ ասելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրք հասարակությունը քննարկում է քուրդ անջատողականների հետ երկխոսության հնարավորությունը։

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Ռեջեփ Էրդողանը ընդհատել է BRICS գագաթնաժողովում իր մասնակցությունը և վերադարձել Թուրքիա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն