Հայաստանին շատ մեծ հզորությամբ ատոմակայան պետք չէ՝ խորհրդարանում ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։ Գնել Սանոսյանը հստակեցրել է՝ քննարկել, վերլուծել են թե՛ առկա պաշարները, և թե՛ տնտեսական զարգացման հեռանկարները։

«Մեր հիմնական միտքը նա է, որ նոր էներգաբլոկը կարող է լինել գործող էներգաբլոկից ավելի շատ, բայց ոչ ավելի, քան 600 մեգավատ հզորությունն է»,-ասել է նախարարը։ Նա նաև պարզաբանել է, որ առանձին կառույց, որը ստեղվծել է կառավարության որոշմամբ, հետևում է համաշխարհային զարգացումներին ու դրանց մասին պետք է տեղեկացնի կառավարությանը։ Փորձագիտական դաշտում պնդում են, որ ամենաուշը մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակը Հայաստանը պետք է որոշում կայացրած լինի։

Ո՞ր փուլում են նոր ատոմակայանի կառուցման հետ կապված քննարկումները։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցն է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին. «Ատոմակայանի հետ կապված նոր զարգացումներ կա՞ն, թե ոչ, և նոր ատոմաակայանի»։

Նոր էներգաբլոկի հետ կապված տարբեր աշխատանքներ են իրականացվել՝ հստակեցնում է ՏԿԵ նախարարը։ Գնել Սանոսյանը տեղեկացնում է՝ նախ փորձում են հասկանալ՝ առաջիկա տարիներին ինչպիսի էներգետիկ պահանջարկ կարող է ունենալ Հայաստանը։ 21 սցենար կամ հարցեր են առանձնացրել՝ փորձել են հասկանալ՝ տնտեսությունը ի՞նչ ուղղությամբ կզարգանա, էներգիայի սպառումը ինչպե՞ս կզարգանա, որքա՞ն էներգիա կարտահանեն։

Քննարկել են, վերլուծել ու եզրահանգել․ «Շատ մեծ հզորությամբ կայան մեզ պետք չէ՝ հաշվի առնելով առկա կայանները, արևային էներգետիկայի ծավալները։ Մեր հիմնական միտքը նա է, որ նոր  էներգաբլոկը կարող է գործող էներգաբլոկից ավելի շատ, բայց ոչ ավելի, քան 600 մեգավատ հզորությունն է»։

Այժմ տեխնոլոգիաներն են ուսումնասիրում։ Մի շարք ատոմակայաններ կառուցող ընկերություններ մոդուլյար ատոմակայաններ են նախագծում, որոնք դեռ միս ու արյուն չեն ստացել։ Զարգացումներին հետևելու համար էլ ստեղծվել է «Նոր ատոմակայանի համակարգման ՓԲԸ»։

Այն կառավարությանը կտեղեկացնի թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան, դրականց բացասական կողմերը, ֆինանսական գնահատումները։     

Էներգետիկ անվտանգության թիվ մեկ խնդիրը Հայաստանի համար նոր ատմոկայանի հետ կապված որոշման բացակայությունն է՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝  Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։

«Եթե ոչ այս տարվա ավարտին, ապա գոնե մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակը ՀՀ կառավարությունը պետք է որոշում կայացնի նոր ատոմակայանի հզորության, դիզայնի, տեխնոլոգիաների հետ կապված։ Ես չեմ խոսում որակների կամ ռիսկերի մասին, ես խոսում եմ որոշման մասին։ Որևէ որոշման բացակայությունը արդեն ազգային անվտանգության սպառնալիք է»։

 ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2036 թվականը։ Դրանից հետո Հայաստանը կամ պետք է նոր ատոմակայան կառուցի, կամ՝ նոր ռեակտոր։ Փորձագիտական ու մասնագիտական դաշտում վստահ են՝ տարածքը ՀԱԷԿ-ի ներկայիս տարածքը պետք է լինի՝ Մեծամորը։ Այս օրերին ակտիվորեն քննարկվում է՝ մեծ թե փոքր՝ մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։ Կառավարությունում տարբեր քննարկումներ են՝ հասկանալու, թե ինչ տեսակի ատոմակայան է ունենալու Հայաստանը։ Օրակարգում նաև փոքր՝ մոդուլային ատոմակայաններ ունենալու հարցն է։ Ատոմակայանի այս տեսակը, սակայն, մասնագիտական դաշտում միանշանակ չի ընդունվում։

«Փոքր մոդուլային որևէ կայան չկա կառուցված, որ ես կարողանամ ասեմ մեկը շահագործվում է Չինաստանում է։ Դա միակն է, որ հենց ցամաքային է, գետնի վրա է աշխատում, մյուսը ռուսականն է՝ «Լոմոնոսով»-ը՝ ծովի վրա է։ Իհարկե այն քաղաքացիական նպատակով է, բայց ցամաքային չէ։ Եթե ՀՀ-ն գնալու է այդ ճանապրահով, ինչը կասկածելի ճանապարահ է, ապա պետք է ընտրել այնպիսի տեխնոլոգիաներ, որ ռիկսը ավելի նվազեցվի»։



Գնել Սանոսյանը բացատրում է՝ նոր մոդուլյար ատոմակայանները ամեն տարի կանգառի ու լիցքավորման կարիք գուցե չունենան։ Մինչդեռ ՀԱԷԿ-ը ամեն տարի դադար է առնում ու լիցքավորվում․ «Կա 5,7,8 տարի, որ կլիցքավորվեն։ Սա ևս դրական կողմ է, որ փորձենք գնալ այս ուղղությամբ»։

Մասնագիտական դաշտում այլ դիտարկում ունեն․ Արթուր Ավետիսյանն ասում է՝ մոդուլյար կայանները նման են դիզելային գեներատորների։ Դրանից զատ մեկ տեխնոլոգիական նրբություն կա, որի մասին քչերն են խոսում․ «Քանի որ մոդուլային ատոմակայանները ռազմական արդյունաբերությունից են եկել, այնտեղ հարստացվող ուրանի տոկոսը շատ ավելի մեծ է, քան ավանդական քաղաքացիական նպատակով գործող կայաններինը։ Հետևաբար, ով է ասել, որ դրանք ավելի անվտանգ են»։

Մոտ 150 մլն դոլար կպահանջվի  գործող ատոմակայանը վերազինելու, դրա շահագործման ժամկետը երկարաձգելու համար՝ ասում է Գնել Սանոսյանը։ Նախարարը խոսում է դժվարությունների մասին՝ շատ հաճախ ատոմակայանի հետ կապված տարբեր աշխատանքներ իրականացնելու համար մրցույթներ են հայտարարում ու մասնակից չեն ունենում։

«Կան դեպքեր, որ անգամ վեց անգամ մրցույթը չի կայացել։ Այստեղ են խնդիրները։ Ընդհանուր առմամբ, գրաֆիկի մեջ ենք, կրկնակի երկարաձգման աշխատանքները կանենք ու կդիմենք ժամկետի երկարաձգման համար»։

Իսկ փորձագետը նաև նշում է՝ փոքր մոդուլային կայանները եկել են ռազմական արդյունաբերությունից՝ մեծ պետություններում։ Նրանք ունեն հսկայական տարածքներ, որոնք ապահովված չեն ենթակառուցվածքներով։ Այժմ միայն Չինաստանն է, որը ամենամեծ ներդրումն է անում մոդուլային ատոմայայանների կառուցման ծրագրերում։ Ուստի Հայաստանը պետք է նաև այս ուղղությամբ մտածի։ Մինչդեռ հայկական կողմում կոնկրետ այս հարցում չինական կողմի հետ կապված որևէ հայտարարություն չկա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն