Բարեկարգված ենթակառուցվածքները փոխում են Մրգաշատ գյուղի դիմագիծը
Մրգաշատն Արմավիրի մարզի մեծ գյուղերից է, որտեղ գրեթե 5000 բնակիչ է ապրում: Գյուղը տարեցտարի փոխում է իր դիմագիծը՝ բարեկարգվում ու բարելավվում են ենթակառուցվածքները: Ծրագրերն իրականացվում են և՛ պետական բյուջեի միջոցներով, և՛ համաֆինանսավորմամբ: Սակայն գյուղամիջյան ու միջհամայնքային ճանապարհները դեռևս բարեկարգման կարիք ունեն:
Գյուղի խնդիրներին անդրադառնալիս մրգաշատցիներն առաջին հերթին խոսում են քանդված ու հողաշեն ճանապարհների մասին.
«Ինձ ամենաշատը հետաքրքրում է այն, որ փողոցները նորմալ, բարեկարգ վիճակում լինեն: Սա մեծ գյուղ է, երեխաները դպրոց են գնում-գալիս շատ վատ ճանապարհներով, նամանավանդ, որ հիմա այստեղ միայն մի դպրոց է այս պահին գործում ու հեռվից են գալիս»:
Գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: Այս տարի ասֆալտապատվել է Մրգաշատի 9-րդ փողոցը՝ շուրջ 4000 քմ մակերեսով, որի երկարությունը 820 գծամետր է: Ծրագրի արժեքը 51.5 մլն դրամ է, որի 65 տոկոսը վճարել է Մեծամոր համայնքը: Մրգաշատի վարչական ղեկավար Մարատ Հովհաննիսյանը թվարկում է վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները.
«2020թ.-ին մանկապարտեզի շենքն է հիմնանորոգվել, 2021թ.-ին 500 մ երկարությամբ ճանապարհ է ասֆալտապատվել, երաժշտական դպրոցի տանիքն է վերանորոգվել ու նախկին կոլտնտեսային վարչության շենքի տանիքը, որտեղ հիմա բուժամբուլատորիան է: 2024-ին ջրագծերն են կառուցվել»:
Մրգաշատում ծորակի ջուրը չեն խմում, օգտագործում են միայն կենցաղային նպատակով: Խմելու ջուրը գնում են ջրի վաճառքի սարքերից կամ շրջիկ մեքենաներից:
«Խմելու ջուր ունենք, արտեզյան հորի ջուր է, բայց մենք չենք խմում: Ջուրը քլորացնում են, մաքուր ջուր է գալիս, բայց ժողովուրդը Թալինի ջուրն են առնում, խմում»:
Ջրամատակարարման որակը բարելավելու համար անցած տարվա սուբվենցիոն ծրագրով այս տարի Մրգաշատի 6 փողոցում նոր ջրագծեր են կառուցվել, որի արժեքը 25.5 մլն դրամ է: Կառավարությունը վճարել է գումարի 60 տոկոսը: Հաջորդ տարի նախատեսվում է հիմնանորոգել մշակույթի տունը:
«Մշակույթի տան նախագծման աշխատանքներն ավարտվել են, մյուս տարի սուբվենցիոն ծրագիր է մտնելու: Նախատեսվում է ամբողջական հիմնանորոգում, ինչպես նաև վերանորոգվելու են 10-րդ և 2-րդ փողոցները: Երկուսն էլ հիմա նախագծման փուլում են, հողային ճանապարհներ են»:
Մրգաշատի մշակույթի տունը վերջին անգամ վերանորոգվել էր 2006թ-ին, սակայն ստորերկրյա բարձր ջրերի պատճառով շենքը խոնավացել էր ու վնասվել: Հիմա ջրի մակարդակը իջել է, խոնավությունը նվազել՝ ասում է մշակույթի տան տնօրեն Աննա Գալստյանը:
«Ճիշտն ասած՝ ստուգել են ու ասել, որ կանգնել է խոնավությունը: Հիմա սպասում ենք վերանորոգման, որից հետո, ինձ թվում է՝ այս խնդիրն էլ չենք ունենա: Մենք ծրագրի ենք մասնակցել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից և պետք է վերանորոգեին շենքը: Դրա համար են քանդել պատերը: Խոնավությունը կանգնել է, կարծես թե, էլ չկա, ու սպասում ենք վերանորոգելուն»:
Երկհարկանի մշակույթի տան առաջին հարկում գրադարանն է, դահլիճն ու մի դատարկ սենյակ, որտեղ ձմռանն անցկացնում են պարի խմբակի պարապմունքները: Երկրորդ հարկում ավելի լուսավոր ու տաք սենյակներ են:
«Կերպարվեստի, ասեղնագործության և պարի խմբակներ ունենք: Չնայած այս պայմաններին, երեխաները մեծ ոգևորությամբ են գալիս: Մոտավորապես 100 երեխա է հաճախում. նկարչության խմբակում 30-ից ավելի երեխա, ասեղնագործության խմբակում՝ 11, պարի խմբակում՝ 70 երեխա»:
Ճանապարհները նորոգվում են նաև պետական բյուջեի միջոցներով: «Ճանապարհային դեպատամենտ» հիմնադրամը հիմնանորոգում է Մ5 Արմավիր-Երևան միջպետական ճանապարհից Մրգաշատի կամրջով մինչև Ալաշկերտ ճանապարհի երեք հատվածները, որի 1.7 կմ հատվածն անցնում է Մրգաշատ գյուղի միջով: