Տղամարդը կնոջը հարվածել է այնքան, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը․ կինը փորձել է օգնություն կանչել, սակայն չի կարողացել
Գեղամ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևանում՝ բնակարանում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով կնոջ՝ Աննա Մ․-ի գլխին հարվածներ հասցնելու համար, որից հետո կինը փախել է տան բակ՝ օգնություն կանչելու նպատակով։ Այդ ընթացքում տղամարդը բռնելով Աննա Մ․-ի պարանոցից՝ վերջինիս տարել է տուն և կրկին ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին, որի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը և ստացել է գլխի, դեմքի և աջ ձեռքի վնասվածք:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 11-ին և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։
Առաջադրված մեղադրանքի շուրջ Գեղամ Մ․-ն հայտնել է, որ կատարվածի մեջ իրեն մեղավոր է ճանաչում և ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, որ 2024 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը երեկոյան՝ 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, իր կինը աշխատանքից վերադարձել է տուն: Ինքը մինչև վերջինիս գալը օգտագործել է ալկոհոլ: Իր և կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում ինքը 2-3 անգամ բռունցքով հարվածել է վերջինիս գլխին և 2 անգամ ապտակել է, որից հետո նա ուշագնաց է եղել:
Ծեծկռտուքի ընթացքում իր կինը՝ Աննա Մ․-ն, տանից դուրս է եկել բակ, ինքը բակում ևս շարունակել է հարվածները մինչև կնոջ ուշագնաց լինելը: Ստուգել է արյան զարկերակային ճնշումը՝ համոզվելու համար, որ չի մահացել, որից հետո, իր հիշելով՝ նրան տեղափոխել է տուն և պառկեցրել մահճակալի վրա: Մոտավոր մեկ ու կես րոպե անց ուշքի է եկել:
Վերջինիս ուշքի է բերել ինքը, քանի որ նրան թափահարել է և իր հիշելով՝ անգամ ջուր է լցրել վրան, ուշքի գալուց հետո վերջինս հայտնել է, որ իրեն լավ չի զգում: Աննա Մ․-ն զանգահարել է իրենց համատեղ դստերը՝ Անի Մ․-ին, և մոտավոր 20 րոպե անց Անի Մ․-ն վերադարձել է տուն, զանգահարել շտապ օգնություն։
Հայտնել է, որ զղջում է իր կատարած արաքի համար, և իր կինը իրեն արդեն ներել է, և իրենք շարունակում են համատեղ բնակվել:
Տուժող Աննա Մ․-ն, դատարանում օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալ, ուստի հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ տղամարդը հարվածներ է հասցրել նրան, և կինը կորցրել է գիտակցությունը։
Դատարանը վճռել է Գեղամ Մ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու համար:
Հանցագործության կատարման համար պատիժ նշանակել ազատության սահմանափակումը՝ 6 ամիս ժամանակով:
Արգելել առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը և 22:00-ից սկսած 8 ժամ ժամանակով բացակայել բնակության վայրից:
Գեղամ Մ․-ի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: