Վարչապետն անկեղծորեն զարմացած է սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայությունների ու վարորդների՝ պետբյուջե փոխանցած գումարից․ 91 օրվա ընթացքում 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն է գեներացվել՝ հայտարարագրելով 26․9 միլիարդ դրամի հասույթ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում վարորդներին և հիշեցնում՝ կարգավորումն ուժի մեջ է մտել սեպտեմբերից։

«Տաքսիները գեներացրել են 23 միլիոն, արդյոք ճի՞շտ է էդ թիվը,  հիմա ասում եմ՝ ճիշտ է, թղթի վրա քանի անգամ կարդացել եմ՝ 23 միլիոն ՀԴՄ են գեներացրել, այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք 3 ամսվա ընթացքում։ Ընդ որում՝ թիվը աճողական է, սկզբից՝ առաջին ամսում, մոտավորապես 5 միլիոն է եղել,  բայց 3 ամսվա տվյալներով՝ 23 միլիոն ՀԴՄ կտրոն են գեներացրել Հայաստանի Հանրապետությունում տաքսի վարող մեր վարորդները»։

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություններ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը սահմանվել է յուրանքաչյուր փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով, անկանխիկ վճարման դեպքում՝ 1.5 տոկոսի չափով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ մինչև 2026-ը այս թիվը կդառնա 5 տոկոս, ինչը նշանակում է, որ տաքսի ծառայությունները կթանկանան․

«Այսինքն՝ ցանկացած օնլայն փաթեթի 5 տոկոսն ուղղվելու է պետական բյուջե։ Դա, անշուշտ, իր որոշակի թանկացումը ապահովելու է, ազդելու է թանկացման վրա, բայց էստեղ պետք է արձանագրենք, որ արդեն իսկ այս տարի որոշակի թանկացում ունենք, դա է, կարծում եմ, մտահոգիչ, որ լրացուցիչ թանկացում ենք ունենալու»։

Տաքսի ծառայություններին հարկման դաշտ բերելու որոշումը, տնտեսագետի կարծիքով, ճիշտ էր։ Նշում է՝ տրանսպորտի ոլորտը տարիներ շարունակ թերկարգավորված է եղել, ինչը ստվերի առաջացման ռիսկեր է ստեղծել։

«Այստեղի շրջանառությունը տարիներ շարունակ անհայտ է եղել՝ հաշվի առնելով այն, որ սոցիալական խնդիր են լուծել վարորդները և իշխանությունները խուսափել են այս ոլորտը կարգավորել կամ հարկման դաշտ բերել, և այս փորձը կարծում եմ, դրական պետք է համարել, որը թույլ կտա իրական շրջանառությունը գնահատել, հասկանալ»։

Խնդիրն «ամեն ինչ միանգամից» անելու մեջ է՝ ասում է Պարսյանը։ Հունվարի 1-ից հասարակական տրանսպորտի նոր սակագների ուժի մեջ մտնելու ֆոնին այս որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոլորտի վրա․

«Սակայն թայմինգի մասով, կարծում եմ, որոշակի խնդիր ունենք՝ հաշվի առնելով այն, որ այս տարի միայն տրանսպորտի ոլորտի թանկացումը 8-9 տոկոս է կազմել, այսինքն մենք հերթական թանկացում կունենանք տրանսպորտի ոլորտում, սա է ամենամտահոգիչը։ Այսինքն՝ կարելի էր այս հարկման մեխանիզմը նախատեսել ավելի ուշ կամ նոր ձևավորվող տրանսպորտի համակարգի ներդրումից հետո» 

Պարսյանը նկատում է՝ նախորդ 3 ամիսներին տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կամ ֆիզիկական անձինք արդեն որոշակիորեն թանկացրել են ծառայությունը։ Ինչ վերաբերում է հավքաված գումարին, ապա այն, տնտեսագետի կարծիքով, ՀՆԱ-ի վրա լուրջ ազդեցություն չի ունենա։

«Այդ գումարների շրջանառությունը, չեմ կարծում, որ կարող է լուրջ ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսական այսպես ցուցանիշների վրա, ՀՆԱ-ի վրա և այլն։ Սրանք ուղղակի  ստվերի բացահայտման կամ ընդհանուր տնտեսական պրոցեսները հասկանալու համար են։ Այնտեղից մեծ հարկային մուտքեր չեմ կարծում, որ կարելի է կանխատեսել, ակնկալել։ Խնդիրը ուղղակի  տնտեսության ընդհանուր պատկերը հասկանալը, ստվերի վերահսկելն է, և նաև այսպես վարորդներին բերել ընդհանուր աշխատանքային կարգավորումների դաշտ»։

Իբրև հարկ վճարողներ՝ վարորդներն անշուշտ պետությունից  համապատասխան երաշխիքներ կակնկալեն, կցանկանան առնվազն թոշակ ունենալ՝ ասում է տնտեսագետը։ Ըստ ուժի մեջ մտած կարգավորումների՝ այն վարորդները, որոնք իրենց անձնական մեքենայով տաքսի ծառայություն են մատուցում, որևէ պարտավորություն չունեն՝ բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելու և պետական տուրքը վճարելու պարտավորությունները նրանց փոխարեն կատարում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։ Իսկ էլեկտրոնային տաքսի ընկերությունները՝ GG-ն, Yandex-ը, Utaxi-ն և մյուսները, պետք է լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք 1 մլն դրամի չափով։ Անհատ տաքսիների վարորդները նույնպես պետք է միանան համակարգին՝ մոբայլ հավելվածի միջոցով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն