ՀԾԿՀ-ն հաստատել է 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում քննարկել և ընդունել է շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ որոշումներ։ Դրանք ներառում են համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնների սահմանմանը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրման համար մրցութային հանձնաժողովի ստեղծմանն ու նրա աշխատակարգի հաստատմանը վերաբերող դրույթներ։
«Նշված մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների հասանելիություն (բացօթյա ծածկույթ) հանրապետության քաղաքային յուրաքանչյուր բնակավայրում՝ համապատասխան բնակավայրի վարչական (կադաստրային) տարածքի առնվազն 60 տոկոսում, ներառյալ՝ «Ինժեներական քաղաքի», «Ակադեմիական քաղաքի», «Զվարթնոց», Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ սահմանային բոլոր գործող և նոր կառուցվող մաքսակետերի տարածքներում, ինչպես նաև հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ նոր կառուցվող) ընդհանուր երկարության 98 տոկոսում լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթ (որից առնվազն 10 տոկոսը՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայով)։
Միևնույն ժամանակ, կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակը, կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվի) կապի առկա ենթակառուցվածքները»,- ասված է հաղորդագրության մեջ։